Պենտագոնն աջակցելու է ֆրանսիական ուժերին Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում

ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը դեկտեմբերի 9-ին թույլատրել է կիրառել ԱՄՆ ռազմական բեռնատար օդուժը Ֆրանսիայի ու Աֆրիկյան միության զինծառայողներին ու բեռները Կենտրոնաֆրիկյան հանրապետություն հասցնելու համար։

Ֆրանսիացի զինծառայողները Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում

Ֆրանսիացի զինծառայողները Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, Չաք Հեյգելը նման որոշում է ընդունել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ դե Դրիանի խնդրանքով։ Ֆրանսիական ու աֆրիկյան ուժերը Կենտրոնաֆրիկյան հանրապետություն են ժամանելու հարևան Բուրունդիից։

Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում լարված իրավիճակը շարունակվում է։ Դեկտեմբերի 9-ից ֆրանսիական զորքերը սկսել են տեղացի զինյալների զինաթափման գործընթացը։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ավելի վաղ տեղեկացրել էր Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում առկա ֆրանսիական զորախմբի ավելացման մասին՝ հինգշաբթի երեկոյան առկա էր 600 զինծառայող, ուրբաթ գիշերը՝ 1000, իսկ կիրակի երեկոյան՝ 1600։

Համաձայն դեկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված բանաձևի` Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ծայր առած բախումների կանխման նպատակով այդ երկիր պետք է մտցվեին Ֆրանսիայի 1200 զինծառայող, իսկ Աֆրիկյան միության զորախմբի ներկայությունը պետք է հասցվեր 3600-ի։

Նկատենք, որ իրավիճակը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում լարված բնույթ է ընդունել, երբ 2013-ի մարտին մուսուլմանական «Սելեկա» զինված խմբավորման դրդմամբ գահընկեց արվեց երկրի նախագահ Ֆրանսուա Բոզիզեն։ Դրան հաջորդեցին երկրի քրիստոնյա և մուսուլման համայնքերի զինված բախումները, որոնք առավել սուր դարձան հատկապես վերջին ամիսներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *