Ֆրանսիան սկսել է զինաթափել Կենտրոնաֆրիկյան հանրապետության զինյալներին

Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում լարված իրավիճակը շարունակվում է։ Դեկտեմբերի 9-ից ֆրանսիական զորքերը սկսել են տեղացի զինյալների զինաթափման գործընթացը։

Ֆրանսիացի զինծառայողները պարեկություն են անում Բանգիում

Ֆրանսիացի զինծառայողները պարեկություն են անում Բանգիում

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է՝ մամուլում կոչ է հրապարակվել հնարավորինս արագ զենքն ու զինամթերքը հանձնելու, իսկ եթե դիմադրողներ լինեն, ֆրանսիացի զինծառայողները ստիպված կլինեն անցնել «հարկադիր միջոցների»։

Ֆաբիուսը նաև խոստովանել է՝ դժվար թե այդ խնդիրը հեշտ լուծվի, քանի որ մուսուլմանական «Սելեկա» խմբավորումը, որը գահընկեց էր արել նախագահին, խուսափում է բացահայտ գործողություններից և ֆրանսիացի զինծառայողներից։ Ավելին, «Սենեկա»-ի զինյալներն իրենց համազգեստը փոխարինել են քաղաքացիական հագուստով, ուստի բարդ է հայտնաբերել նրանց։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ավելի վաղ տեղեկացրել էր Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում առկա ֆրանսիական զորախմբի ավելացման մասին՝ հինգշաբթի երեկոյան առկա էր 600 զինծառայող, ուրբաթ գիշերը՝ 1000, իսկ կիրակի երեկոյան՝ 1600։

Հավելենք, որ համաձայն դեկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված բանաձի` Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ծայր առած բախումների կանխման նպատակով այդ երկիր պետք է մտցվեին Ֆրանսիայի 1200 զինծառայող, իսկ Աֆրիկյան միության զորախմբի ներկայությունը պետք է հասցվեր 3600-ի։

Նկատենք, որ իրավիճակը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում լարված բնույթ է ընդունե, երբ 2013 թվականի մարտին մուսուլմանական «Սելեկա» զինված խմբավորման դրդմամբ գահընկեց արվեց երկրի նախագահ Ֆրանսուա Բոզիզեն։ Դրան հաջորդեցին երկրի քրիստոնյա և մուսուլման համայնքերի զինված բախումները, որոնք առավել սուր բնույթ ստացան հատկապես վերջին ամիսներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *