Ուղիղ 6 ամիս առաջ Ռազմինֆոն սկսեց հեղինակային շարք՝ հարցազրույցներ զորակոչիկների հետ։ Այժմ նրանք արձակուրդում են, և մենք պահում ենք մեր խոստումը։ Մենք մշտապես հետևել ենք նրանց ու ներկայացնում ենք, թե ինչպիսի զինվորներ են այսօր նրանք։
Մեր մյուս զրուցակիցը վանաձորցի շարքային Արտյոմ Բոջուկյանն է: Նա սովորում է Եվրոպական ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղի Տուրիզմի ֆակուլտետի առաջին կուրսում։ Մասնագիտությամբ տուրիզմի կազմակերպիչ է։
—Ի՞նչ կատարվեց բանակ գնալու առաջին օրը, ինչպե՞ս անցավ:
Շատ բարձր էր տրամադրությունս, ինձ շատ հպարտ էի զգում, որ դառնալու էի հայրենիքիս պաշտպաններից մեկը: Առաջին օրն էլ անցավ շատ հանգիստ: Ամեն ինչ այնպես սովորական էր ինձ համար, կարծես միշտ զինվոր էի եղել:
—Ինչի՞ն դժվար հարմարվեցիք:
Բանակում ամենադժվարը հոգեբանորեն ճիշտ պատրասվածությունն է: Պետք է լավատեսորեն տրամադրված լինես 24 ամիսների արկածային կյանքի նկատմամբ:
—Սնունդն ինչպե՞ս է:
Սնունդը զորամասային պայմանների համար իդեալական էր:
—Կասեք` ո՞րն եք ամենաշատը սիրում, հաճույքով ուտում:
Ամենահաճույքով սուշին եմ ուտում (Կատակում է), իսկ եթե լուրջ, ամենիչ շատ դուր է գալիս կարտոֆիլի պյուրեն:
—6 ամիս առաջ Ռազմինֆոյի հետ հարցազրույցում «Ի՞նչը կուզեիք փոխվեր բանակում» հարցին ի պատասխան նշել էիք «Բարոյահոգեբանական մթնոլորտը .. կուզենայի իրական լինի «Սպան զինվորի ավագ ընկերն է» սկզբունքը»: Արդյո՞ք փոխվել է Ձեր դիրքորորշումը:
Ես այդ սկզբմունքին ականատես եմ եղել մեր զորամասում ու կցանկանայի դա ունենար շարունակական բնույթ:
—Այսինքն` սպան զինվորի ավագ ընկե՞րն է: Դուք փոխեցի՞ք Ձեր կարծիքը:
Այո, ես համոզվեցի, որ սպան իսկապես զինվորի ավագ ընկերն է:
—Դուք ֆիզիկապես լավ պատրաստված գնացիք բանակ, կասե՞ք ինչ տեղ ունի ֆիզիկապես պատրաստված գնալը:
Ֆիզիկական լավ պատրաստվածությունն ուղիղ համեմատական է կայուն հոգեբանական վիճակի հետ: Մեկը մյուսին լրացնում է:
—Կասե՞ք` այս ամիսները Ձեզ ինչ տվեցին, ի՞նչ փոխվեց Ձեր մտածելակերպում:
Այս 5 ամիսները ինձ տվեցին մտահորիզոնը և ֆիզիկական պատրաստվածությունը կատարելագործելու հնարավորություն, ինչպես նաև մարդուն միանգամից ճանաչելու շնորհ:
—Արդյո՞ք Ձեր պատկերացումների բանակն ու իրական ծառայությունը համընկան:
Այո, առավոտյան վերկաց, ֆիզիկական վարժություններ, շարային երթ, տեխնիկական, մասնագիտական պարապմունքներ, ամենօրյա խիտ գրաֆիկ: Մի խոսքով, իսկական զինվորական առօրյա:
—Հետաքրքիր ինչ”որ բան կպատմե՞ք բանակային կյանքից:
Դե հետաքրքիր դեպքեր այդքան է շատ չեն եղել, բայց ինձ համար ես փորձում էի ամեն ձևով հետաքրքիր դարձնել առօրյան: Ամեն օր մի քանի զինվորի մեր սպորտի ակումբում սովորեցնում էի բռնցքամարտի տեխնիկան ու փիլիսոփայությունը:
—Ի՞նչ խորհուրդ կտաք այն տղաներին, որ այս օրերին բանակ են զորակոչվում:
Դժվարը հավաքակայանի առաջին անորոշ օրն է, դրանից հետո ամեն ինչ իր հունով կգնա: Խորհուրդ կտամ թեթև տանեն ամեն ինչ, վերջիվերջո այս 2 տարով ոչինչ չի սահմանափակվում: Թող պատվով ծառայեն ու հասնեն իրենց ընտանիքներին:
Հարցազրույցը` Հասմիկ Մելիքսեթյանի
Կարդացեք Արտյոմ Բոջուկյանի առաջին հարցազրույցն այստեղ. Աղջիկներն ընտանիքին ավելի են անհրաժեշտ. Արտյոմ Բոջուկյան