Սիրիայում առևանգել են իսպանացի լրագրողի և լուսանկարչի

Դեկտեմբերի 10-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի զինյալներն առևանգել են ևս երկու լրագրողի՝ El Mundo իսպանական թերթի թղթակից Խավիեր Էսպինոզային և լուսանկարիչ Ռիկարդո Գարսիա Վիլանովային։

Ռիկարդո Գարսիա Վիլանովա

Ռիկարդո Գարսիա Վիլանովա

Ինչպես հաղորդում է El Mundo օրաթերթը, լրագրողներին առևանգել է «ալ Կաիդայի» հետ առնչություն ունեցող խմբավորումներից մեկը սեպտեմբերի 16-ին։

Միջադեպը գրանցվել է Թուրքիայի հետ սահմանային անցակետում, երբ լրագրողները փորձում էին հեռանալ Սիրիայից երկօրյա հանձնարարությունը կատարելուց հետո։

Նշենք, որ լրագրողների հետ միասին ազատ են արձակվել «Սիրիայի ազատ բանակ» անունը կրող ընդդիմադիր խմբավորման 4 անդամ, որոնց, սակայն որոշ ժամանակ անց բաց են թողել։

El Mundo-ի տվյալներով՝ առևանգումը կազմակերպել է «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղ իսլամիստական սուննիական խմբավորումը, որին այդ հարցում աջակցել են «ալ Կաիդայի» զինյալները։ El Mundo-ն ներկա դրությամբ բանակցություններ է վարում լրագրողներին ազատելու ուղղությամբ, բայց վկայում է՝ հստակ պահանջներ զինյալների կողմից դեռևս չեն հնչել։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոն հոկտեմբերի 9-ին տեղական հեռուստաալիքներից մեկով ելույթ ունենալիս ակամայից հրապարակել էր հանրությանը մինչ այդ անհայտ տեղեկություն Սիրիայում առևանգված լրագրողների մասին։ Վարչապետին հարցրել էին Դիդիե Ֆրանսուա և Էդվարդե Էլիա ռադիոլրագրողների մասին, որոնք առևանգվել էին հոկտեմբերի 6-ին, սակայն վարչապետն ի պատասխան ասել էր՝ տեղեկություններ ունեն, որ ոմն Նիկոլյա Էնենեն ու լուսանկարիչ Պյեր Տորրեսը, որոնց անունները մինչ օրս չէին նշվում Սիրիայում կորած ֆրանսիացի լրագրողների շարքում, կենդանի են։

Առևանգված ու անհայտ կորած է համարվում նաև իսպանական El Periódico թերթի թղթակից Մարկ Մարխինեդասը։

Բացի այդ, հոկտեմբերի 29-ին արաբական «ալ Արաբիա» հեռուստաընկերության թղթակից, Հալեպում ծնված Մոհամադ Սաիդին սպանել են Հրեյթան գյուղում, խլացուցիչով ատրճանակից։

Հավելենք, որ Լրագրողների պաշտպանության միջազգային հանձնաժողովի տվյալներով՝ Սիրիան լրագրողների համար ներկայումս ամենավտանգավոր պետությունն է։ Միայն 2012-ին այս երկրում սպանվել է 39, առևանգվել նվազագույնը 20 լրագրող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *