Ռազմինֆոն զորակոչի մեկնարկի հետ ներկայացնում է իր նոր հեղինակային շարքը՝ հարցազրույցներ զորակոչիկների հետ։
Մեր այսօրվա զրուցակիցն է վանաձորցի Արտյոմ Բոջուկյանը։
Նա սովորում է Եվրոպական ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղի Տուրիզմի ֆակուլտետի առաջին կուրսում։ Մասնագիտությամբ տուրիզմի կազմակերպիչ է։
-Ի՞նչ հոգեվիճակում եք, նախաբանակային տրամադրությունն ինչպիսի՞ն է։
Շատ հանգիստ և ամբողջովին դրական տրամադրված։
-Տանն ինչպիսի՞ տրամադրություն է, ո՞վ է ամենաշատը հուզված։
Դե բնական է՝ տանը անհանգստություն կա, ամենաշատը հուզված է տատիկս (ժպտում է)։
-Ի՞նչպես է ցույց տալիս անհանգստությունը։
Անհանգստությունն իր հոգեվիճակից է զգացվում, ինքը բառերով չի արտահայտում։
” Ի՞նչ ակնկալիքներ ունեք ծառայությունից։
-Կդառնամ ավելի հասուն՝ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես ու նաև ավելի կազմակերպված։
-Ինչի՞ց եք ամենաշատը վախենում բանակում։
Նվազ խստությունից։
-Ըստ Ձեզ՝ խստությունը բանակում ինչպիսի՞ն պետք է լինի։
Խստություն ասելով հասկանում եմ՝ բավարար գիտելիքներ ու հմտություններ ունեցող սպաների կողմից ծառայության առավելագույն վերահսկողություն։
-Ըստ Ձեզ՝ զինվորի առաքելությունն ո՞րն է։
Զինվորը միայն բանակում ծառայողն ու պատերազմի դաշտում կռվողը չէ, նաև այն մարդն է, որ պայքարում է հասարակական կարգի պահպանման համար…. Զինվորն այն մարդն է, որն անտարբեր չէ…
-Անտարբեր չէ ինչի՞ նկատմամբ։
Բացասական երևույթների, մասնավորապես` անարդարության։
-Որտե՞ղ կուզենայիք ծառայել։
Որտեղ էլ լինի։
-Սպորտով զբաղվել կամ զբաղվո՞ւմ եք։
Սպորտով 9 տարեկանից եմ զբաղվում մինչև հիմա։
-Ո՞ր սպորտաձևն է։
Բռնցքամարտ, որտեղ էլ հաջողություններս քիչ չեն։
-Ի՞նչ հաջողություններ եք գրանցել։
6 անգամ մասնակցել եմ ՀՀ առաջնություններին, 2 անգամ հաղթող եմ դարձել, 2 անգամ մրցանակակիր, նաև մասնակցել եմ Կալինինգրադում միջազգային մրցաշարի։ (ժպտում է)
-Այսինքն՝ ֆիզիկապես պատրա՞ստ եք գնում բանակ։
Բա իհարկե՛։
-Ձեզ պայմանագրային զինծառայող պատկերացնո՞ւմ եք։
Ո՛չ։ Չեմ պատկերացնում, որովհետև այլ կերպ եմ տեսնում ապագաս։
-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեզ 2 տարի անց։
Ավելի հասուն ու կայացած։
-Ի՞նչ եք անելու ծառայությունից հետո։
Պլանավորել եմ ծառայությունից հետո սովորել ոստիկանական ակադեմիայում, այնուհետև գիտելիքներս ավելի խորացնելու համար ուսումս շարունակել իրավաբանական ֆակուլտետում։
-Եթե հնարավորություն ունենայիք բանակում չծառայելու, կօգտվեի՞ք։
Իհա՛րկե ոչ, քանի որ ցանկացած թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես առողջ տղա պետք է անցնի այդ դժվար ու արկածներով լի ուղին։
-Ո՞ւմ կամ ի՞նչը ամենաշատը կկարոտեք։
Ընտանիքիս և … նրան։
-Ի՞նչը կուզեիք փոխվեր բանակում։
Բարոյահոգեբանական մթնոլորտը .. կուզենայի իրական լինի «Սպան զինվորի ավագ ընկերն է» սկզբունքը։
-Ի՞նչն է ամենաշատը դուր գալիս Ձեզ հայկական բանակում։
Դիրքերում կանգնած զինվորի հպարտ ժպիտը (ժպտում է)։
-Ինչպե՞ս եք վերաբերում աղջիկների ծառայությանը բանակում։
Վերաբերմունքս բացասական է, քանի որ աղջիկներն ընտանիքին ավելի շատ են անհրաժեշտ՝ ապագա զինվորներին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար։
-Ի՞նչ խորհուրդ կտաք այն տղաներին, ովքեր Ձեզ պես բանակ են գնում։
Համբերություն, ամրություն և ամենակարևորն ամեն քայլ անելուց առաջ մի լավ մտածեն, նոր գործեն։
Հարցազրույցը՝ Հասմիկ Մելիքսեթյանի
One response to “Աղջիկներն ընտանիքին ավելի են անհրաժեշտ. Արտյոմ Բոջուկյան”