Զորավարժանքի ժամանակ Արմավիրում զինվոր է զոհվել

Նոր Հայլուրով հայտնեցին, որ ավտովթարի հետևանքով մեկ զինվոր մահացել է և մի քանիսը վիրավորվել։

Զորավարժանքի տարածքում զինվոր է մահացել. սպասվում են պաշտոնանկություններ

Երեկ, ժամը 18.00-ի սահմաններում, «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում, ճամբարային հավաքների մեջ գտնվող ՊՆ N զորամասին պատկանող «Սադկո» մակնիշի N զինհամարանիշի ավտոմեքենան զորավարժանքի տարածքում երթևեկելիս հարվածել է ձախ ճամփեզրի հողաթմբին և կորցնելով կառավարումը` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից։ Ինչպես Tert.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի թափքի մեջ գտնվող ժամկետային զինծառայողներից 6-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի քաղաքային հիվանդանոց, որտեղ ժամկետային զինծառայող ավագ Հայկ Արշակի Դավթյանը մահացել է:

Մյուսները տեղափոխվել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Փաստի առթիվ ՀՀ ՔՕ 377 հոդվածի 2-րդ մասով ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քրեական գործով ՀՀ ՔՕ 377 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով այսօր ձերբակալվել է ավագ լեյտենանտ Համլետ Հմայակի Վիրաբյանը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեր տեղեկություններով՝ դեպքի կապակցությամբ այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը արտակարգ նիստ է հրավիրել, որին մասնակցել են միջադեպի համար պատասխանատու հրամանատարները: Ըստ հավաստի տեղեկությունների՝ առաջիկա օրերին աշխատանքից ազատվելու են զորամասի գնդի հրամանատարը և տեղակալները, իսկ մի շարք զինվորականներ, այդ թվում` գեներալներ, ստանալու են խիստ նկատողություն:

Հիշեցնենք, որ օրերս ԼՂՀ պաշտպանության բանակ կատարած այցի ժամանակ Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ աններելի է ոչ մարտական պայմաններում մարդկային կորուստները:

Աղբյուր. Tert.am

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *