Շարունակվում է սկանդալը Հայաստանին վաճառված զենքի շուրջ

Արդեն մոտ երեք շաբաթ է, ինչ Մոլդովայում չի հանդարտվում Հայաստանին զենք-զինամթերք վաճառելու շուրջ սկանդալը: Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ սեպտեմբերի 13-ի գիշերը Քիշինևի օդանավակայանում վայրէջք կատարեց Բենգազիից ժամանած Իլ-76 ինքնաթիռը, որը բեռնվելով զենք-զինամթերքով, նույն օրը հեռացավ Մոլդովայից: Սկզբում ենթադրվում էր, որ ինքնաթիռը ուղևորվել է Լիբիա, բայց հետո և՛ մոլդովական մամուլը, և՛ պետական պաշտոնյաները հայտարարեցին, որ ինքնաթիռ բարձված զենք-զինամթերքը նախատեսված էր Հայաստանի համար:

Ինքնաթիռի հեռանալուց մեկ շաբաթ անց, սեպտեմբերի 21-22-ին Մոլդովայի ուժային կառույցների ղեկավարները՝ Ներքին Գործերի Նախարար Ալեքսեյ Ռոյբուն և Պաշտպանության Նախարար Վիտալի Մարինուցան, ստիպված էին մոլդովական խորհրդարանում բացատրություններ տալ: Մասնավորապես խորհրդարանում հայտնվել էր, որ գործարքի արժեքը մոտ 3.250.000 ամերիկյան դոլար է, իսկ Մարինուցան հայտարարել էր, որ Հայաստանին վաճառված զինամթերքի համար լրացել էր պահպանման ժամկետը:

Սակայն այդ բացատրությունները համոզիչ չհնչեցին. նախ նույն օրը Հայաստանի Պաշտպանության Նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանը երբեք չի գնել անպիտան զենք-զինամթերք՝ միաժամանակ չհերքելով գործարքի փաստը, իսկ հետո, սեպտեմբերի 26-ին, սկանդալի պատճառով պաշտոնանկ արվեց Մոլդովայի Գլխավոր Շտաբի պետ Յուրի Դոմինչը: Հասկանալի է, որ անպիտան զինամթերքի վաճառքի համար գլխավոր շտաբի պետեր պաշտոնանկ չեն արվում:

Եվ ահա, վերջին օրերին մոլդովական լրատվամիջոցներում հայտնվեցին գործարքի վերաբերյալ նոր տվյալներ: Մասնավորապես «Օմեգա» էլեկտրոնային լրատվամիջոցը հաղորդում է, որ համաձայն իրենց մոտ հայտնված նյութերի Հայաստանին վաճառվել են «Շտուռմ», «Ֆագոտ», «Մալյուտկա» հակատանկային համակարգեր, «Ս-8 ԿՈՄ» հրթռիռներ և դրանց արձակման «Բ-8Մ1» համակարգեր, 152մմ արկեր, «Կոբրա» հրթիռների վերահսկող-ստուգող 9Վ862 և 9Վ863 սարքեր, «Կոնկուրս-Մ» հակատանկային համակարգի վերահսկող-ստուգող 9Վ871-3 սարքեր, ինչպես նաև «Շտուռմ», «Ֆագոտ», «Մալյուտկա», «Կոնկուրս», «Մետիս» հակատանկային համակարգերի մեծ թվով հրթիռներ (գործակալությունը նշում է «հազարավոր հրթիռներ»):

«Օմեգա» գործակալությունը հաղորդում է նաև, որ գործարքի գնի և վաճառված զենք-զինամթերքի շուկայական գնի տարբերությունն առնվազն հինգ միլիոն դոլար է և խոստանում է առաջիկայում նոր տվյալներ ներկայացնել:

Սկզբնաղբյուր. Тайная сделка с оружием была проведена чиновниками по явно заниженным ценам

2 responses to “Շարունակվում է սկանդալը Հայաստանին վաճառված զենքի շուրջ

  1. Pingback: Մոլդովական խմորը դեռ շատ ջուր է քաշելու | Ռազմ.info

  2. Pingback: Մոլդովան և Ադրբեջանը ռազմական համագործակցության պայմանագիր են կնքել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *