Սլովենիան մասնակցելու է տանկային բիաթլոնի 2014-ի մրցմանը

Սլովենիայի պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 9-ին հաստատել է, որ պատրաստվում է մասնակցել Ռուսաստանի կողմից կազմակերպվող 2014-ի տանկային բիաթլոնին։

 

Մ-84 տանկ

Մ-84 տանկ

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հղում տալով սեփական ռազմական աղբյուրներին, Սլովենիան մասնակցելու է Մ-84 տանկով։

Նշենք, որ Մ-84-ը խորհրդային արտադրության Տ-72Մ-ի (Տ-72Ա-ի արտահանվող տարբերակն է) արդիականացված տարբերակն է, արտադրվել է շուրջ 700 միավոր։ Արտադրությունը մեկնարկել է 1983-ից Հարավսլավիայում  և շարունակվել մինչև 1991-ը։ Հարավսլավիայի կազմալուծումից հետո Սլովենիան ստացել է 54 միավոր Մ-84 տանկ, դրանցից այժմ կիրառում է միայն 19-ը։

Հիշենենք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրավիրել էր ՆԱՏՕ-ի անդամ Սլովենիային մասնակցել տանկային բիաթլոնին դեռևս 2013-ի սեպտեմբերին։

Հավանական է, որ 2014-ին տանկային բիաթլոնին կմասնակցեն ԱՊՀ երկրներից մի քանիսը, ինչպես նաև ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Չինաստանը։

Հավելենք, որ այս տարի օգոստոսին ռուսական Ալաբինո զորավարժարանում կայացավ տանկային բիաթլոնի մրցում, որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի տանկիստները։ Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանի թիմը, իսկ հայ տանկիստները զբաղեցրեցին չորրորդ հորիզոնականը։ Երկրորդ տեղում էր Ղազախստանի, երրորդում` Բելառուսի թիմը:

Բացի այդ, Հայաստանում այս տարի առաջին անգամ անցկացվեց տանկային բիաթլոն մրցումը։ Պաշտպանության բանակում անցկացվող զորավարժության շրջանակներում նոյեմբերի 13-ին անցկացված մրցույթի հաղթող դարձավ կապույտ թիմը։

Տանկային բիաթլոն ուսումնական վարժանքը նախատեսում է զանազան խաչընդոտների հաղթահարում և տարբեր զինատեսակներով 0,9-2,2 կմ հեռավորության վրա տարբեր թիրախների խոցում։ Ամեն մի վրիպման դեպքում անձնակազմը 0,5 կմ երկարությամբ տուգանային շրջան պետք է կատարի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *