Հայաստանում առաջին անգամ անցկացվեց տանկային բիաթլոն կոչվող մրցումը։ Պաշտպանության բանակում անցկացվող զորավարժության շրջանակներում նոյեմբերի 13-ին անցկացված մրցույթի հաղթող դարձավ կապույտ թիմը։
Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցում էին Տ-72 տանկերից կազմված 3 թիմեր, որոնք ամեն մեկը ստացել էր հայոց եռագույնի մի գույնը։
Թիմերը 3 շրջան կատարեցին, որոնց ժամանակ մարտական հրաձգությամբ խոցեցին թիրախներ։ Երրորդ շրջանի ժամանակ հրաձգությունն իրականացվեց ընթացքի ժամանակ։
Երրորդ շրջանի ավարտին տանկային անձնակազմերը, արագ մոտենալով ցատկահարթակներին, տանկերով ցուցադրական «թռիչքներ» կատարեցին դրանց վրայով։
Մրցույթի արդյունքներով առաջին տեղը գրավեցին կապույտ թիմի տանկիստները։
Նշենք, որ տանկային երկամարտը անցկացվում է Արցախում ընթացող խոշոր զորավարժության շրջանակներում, որին մասնակցում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանը, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը։
Նշենք, որ տանկային բիաթլոնը վերջին շրջանում ակտիվորեն կիրառվում է Ռուսաստանի զինված ուժերում։ ՀՀ զինված ուժերը նույնպես մասնակցել են Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնի միջազգային մրցումների, սակայն Հայաստանի տարածքում դեռևս նման մրցույթ չէր անցկացվել:
Տանկային բիաթլոն ուսումնական վարժանքը ենթադրում է զանազան խաչընդոտների հաղթահարում և տարբեր զինամթերքներով 0,9-2,2 կմ հեռավորության վրա 3 տարբեր թիրախների խոցում։ Ամեն մի վրիպման դեպքում անձնակազմը տանկով պետք է տուգանային շրջան կատարի՝ 0,5 կմ երկարությամբ։ Հաճախ այս կանոնները որոշակի փոփոխությունների են ենթարկվում։