Վրացական զինված ուժերում սննդից զանգվածային թունավորման հերթական դեպքն է

Վրացական Օսիաուրի ռազմաբազայում տասնյակ զինծառայողներ օրերս սննդից թունավորվել են։ Հետաքննությունը պարզել է, որ թունավորման պատճառը խոհարարի անպատասխանատու վերաբերմունքն է։ Վերջինս ազատված է աշխատանքից։

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, ավելի քան 61 զինծառայողներ ստամոքսի սուր ցավի բողոքներով դիմել էին բժշկին։ Կարճ ժամանակահատվածում պարզվել էր՝ մեղավորը տվյալ զորամասի խոհարարն է։

Սակայն չի հստակեցվում՝ ինչ սնունդ կամ ինչ ճաշատեսակ է հանգեցրել թունավորմանը, և արդյոք խոհարարին ու նրանից բացի այլ անձանց ենթարկելու են վարչական տուգանքների։

Նշենք, որ վերջին ամիսների ընթացքում վրացական զինված ուժերում համանման դեպքերը եզակի չեն։ Վրացական «Երիտասարդ փաստաբաններ» ՀԿ-ի փոխանցմամբ՝ ընթացիկ տավա սեպտեմբերին մի քանի բրիգադներում թունավորվել է շուրջ 300 զինծառայող, իսկ Սենակի ռազմաբազայում՝ մի քանի տասնյակ զինծառայող։ Պաշտպանության նախարարությունը հերքել էր այս տեղեկությունը, բայց հետագայում պարզվել էր՝ հետաքննություն է ընթանում սննդային թունավորման գործով։

Հունիսին թունավորման դեպք էր գրանցվել Քութայիսում։ Տուժած զինծառայողները հոսպիտալացվել էին։ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել էր՝ «խիստ պատժվելու են մեղավորները»։ Որոշ ժամանակ անց պաշտոնանկ էր արվել սննդի ապահովման պատասխանատուներից մեկը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *