Ճապոնիայի ինքնաթիռները խախտել են Չինաստանի ՀՕՊ գոտին ու անվնաս վերադարձել

Ճապոնիայի ռազմական ինքնաթիռները նոյեմբերի 28-ին թռիչք են կատարել վերջերս Չինաստանի կողմից սահմանված ՀՕՊ գոտով՝ նախապես չզգուշացնելով Չինաստանի իշխանություններին։ Չինաստանի զինված ուժերը դիմադրություն ցույց չի տվել։

Ճապոնիայի ՌՕՈւ կործանիչ

Ճապոնիայի ՌՕՈւ կործանիչ

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, նույն օրը հակաօդային պաշտպանության գոտով անցել է նաև Ճապոնիայի առափնյա անվտանգության պարեկային ինքնաթիռը, որի թռիչքը ևս չեն խոչընդոտել։

Ճապոնիայի առափնյա անվտանգությունից հաղորդել են, որ իրենք չեն հրաժարվել իրենց դիրքորոշումից, չեն ենթարկվելու Չինաստանի սահմանած գոտու կանոններին։

Չինաստանը պաշտոնապես դեռևս չի արձագանքել այս տեղեկություններին։

Հիշեցնենք, որ  նոյեմբերի 23-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել են հակաօդային պաշտպանության նոր գոտի ստեղծելու մասին։ Ընդ որում, այն ընդգրկում է Արևելյան չինական ծովի մեծ մասը և ըստ էության Ճապոնիայի կողմից վերահսկվող, վիճելի Սենկակու կղզիների օդային տարածքը։ Բացի այդ, Չինաստանի ՀՕՊ գոտին մասամբ ծածկում է Հարավային Կորեայի ՀՕՊ գոտին։

Ըստ Չինաստանի կառավարության պահանջների՝ ՀՕՊ գոտում թռչող ցանկացած ինքնաթիռ պետք է նախապես տեղեկացնի Չինաստանի իշխանություններին, ապա ստանա թույլտվություն և տվյալներ հաղորդի օդուղու վերաբերյալ։ Հակառակ դեպքում Չինաստանը սպառնացել է «պաշտպանական բնույթի արտակարգ քայլեր ձեռնարկել»։

Չինաստանի հայտարարությունը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել։ Նախ Ճապոնիան հանդուգն է որակել այս քայլը՝ կոչ անելով իր ավիաընկերություններին արհամարհել ՀՕՊ գոտին։ Սակայն ճապոնական մասնավոր որոշ, այդ թվում՝ JAL ու All Nippon Airways խոշորագույն ավիափոխադրող ընկերությունները, որոշել են սահմանված գոտին պահպանել։

Հարավային Կորեան իր հերթին հայտարարել է՝ նոր ՀՕՊ գոտին անօրինական է, հակասում է Սեուլի շահերին։

Բացի այդ, ԱՄՆ ռազմական 2 ինքնաթիռներ նոյեմբերի 26-ին թռիչքի ժամանակ հատել են Չինաստանի ՀՕՊ գոտին ու կրկին արգելքների չեն հանդիպել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *