Թուրքիայի ներքին գործերի նախարարության և Ազգային հետախուզական կազմակերպության տվյալներով՝ Սիրիայի տարածքում նախագահ Բաշար Ասադի դեմ պատերազմող խմբավորումների կազմում Թուրքիայի 500 քաղաքացի կա։
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները, որոնք հղում են կատարում պաշտոնապես չհրապարակված հետախուզական զեկույցին։
Թուրքիայի քաղաքացիների մի մասը, ըստ զեկույցի, Սիրիայում պատերազմող ծայրահեղական իսլամիստներին է միացել Պակիստանում և Աֆղանստանում տեղակայված հատուկ ճամբարներում ուսուցում անցնելուց հետո։ Այսինքն՝ նրանց մի մասը դարձել է ծայրահեղական իսլամիստ հակամարտությունից ավելի վաղ և այդպես է միացել պատերազմին։
Հակամարտության ընթացքում ձևավորվել է Թուրքիայի՝ Սիրիայի պատերազմին մասնակցող քաղաքացիների մեկ այլ խումբ ևս։ Դրանք թուրք վարձկաններն են, որոնք պատերազմին մասնակցելու համար ամսական շուրջ 1500 ամերիկյան դոլար գումար են ստանում։
Աղբյուրը նշում է, թե վարձկանների մի մասը կռվում են Սիրիայի հյուսիսարևելյան քրդաբնակ տարածքներում գործող քրդական PYD կազմակերպության ուժերի դեմ։ PYD-ն վերջին ամիսներին կատաղի մարտեր է վարում իսլամիստական «ալ Նուսրայի ճակատ» և «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» խմբավորումների դեմ։ Հենց այս ճակատում էլ թուրք վարձկաններին օգտագործում են քրդական ուժերի դեմ պայքարում։
Նույն զեկույցի տվյալներով էլ հայտնի է դարձել, թե Թուրքիայի քանի քաղաքացի է սպանվել Սիրիայում 2.5 տարի շարունակվող հակամարտության սկզբից։ Ըստ այդմ, հարևան երկրում պատերազմական գործողություններին մասնակցելու ժամանակ Թուրքիայի առնվազն 75 քաղաքացի է սպանվել։
Հիշեցնենք, որ Սիրիայի ճգնաժամի սկզբից Թուրքիային մեղադրում են Սիրիայում գործող իսլամիստներին աջակցելու, այդ թվում նաև՝ զենք և փոխադրման համար տարածք տրամադրելու համար։