ԱՄՆ 2 ռմբակոծիչներ խախտել են Չինաստանի սահմանած ՀՕՊ գոտին

ԱՄՆ ռազմական 2 ինքնաթիռներ նոյեմբերի 26-ին թռիչքի ժամանակ հատել են Չինաստանի՝ օրերս սահմանած ՀՕՊ գոտին։ Չինաստանը հայտարարել էր՝ այդ օդային տարածքով թռիչք կատարող ցանկացած ինքնաթիռ պետք է նախապես տեղեկացնի իր թռիչքային ուղու մասին։

B-52H ռազմավարական ռմբակոծիչ. ԱՄՆ ՌՕՈւ

B-52H ռազմավարական ռմբակոծիչ. ԱՄՆ ՌՕՈւ

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, ԱՄՆ ՌՕՈւ 2 միավոր B-52 ռմբակոծիչների թռիչքը մեկնարկել է Խաղաղօվկիանոսյան Գուամ կղզու ամերիկյան ավիաբազայից։ Դրանք պտույտ են կատարել Չինաստանի ու Ճապոնիայի համար վիճելի տարածք համարվող Սենկակու կղզիների օդային տարածքով, ապա վերադարձել Գուամ։

Համաձայն The Wall Street Journal ամերիկյան պարբերականի՝ ռմբակոծիչների թռիչքը կայացել է լայնամասշտաբ ուսումնական զորավարժության շրջանակներում, որն ԱՄՆ-ն վաղուց էր ծրագրել և որը չունի առնչություն Չինաստանի ու չինական ՀՕՊ գոտու հետ։ Նույն աղբյուրը վկայում է՝ ռմբակոծիչները զինված չէին և չունեին ուղեկցող ինքնաթիռներ։

Այնուհանդերձ, ԱՄՆ-ն ավելի վաղ արդեն հայտարարել էր՝ Չինաստանի կողմից սահմանաված ՀՕՊ գոտին չի ճանաչում և արհամարհելու է արգելքները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել են հակաօդային պաշտպանության նոր գոտի ստեղծելու մասին։ Ընդ որում, այն ընդգրկում է Արևելյան չինական ծովի մեծ մասը և ըստ էության Ճապոնիայի կողմից վերահսկվող, վիճելի Սենկակու կղզիների օդային տարածքը։ Բացի այդ, Չինաստանի ՀՕՊ գոտին մասամբ ծածկում է Հարավային Կորեայի ՀՕՊ գոտին։

Ըստ Չինաստանի կառավարության պահանջների՝ ՀՕՊ գոտում թռչող ցանկացած ինքնաթիռ պետք է նախապես տեղեկացնի Չինաստանի իշխանություններին, ապա ստանա թույլտվություն և տվյալներ հաղորդի օդուղու վերաբերյալ։ Հակառակ դեպքում Չինաստանը սպառնացել է «պաշտպանական բնույթի արտակարգ քայլեր ձեռնարկել»։

Չինաստանի հայտարարությունը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել։ Նախ Ճապոնիան հանդուգն է որակել այս քայլը՝ կոչ անելով իր ավիաընկերություններին արհամարհել ՀՕՊ գոտին։ Սակայն ճապոնական մասնավոր որոշ, այդ թվում՝ JAL ու All Nippon Airways խոշորագույն ավիափոխադրող ընկերությունները, որոշել են սահմանված գոտին պահպանել։

Հարավային Կորեան իր հերթին հայտարարել է՝ նոր ՀՕՊ գոտին անօրինական է, հակասում է Սեուլի շահերին։

ԱՄՆ-ն ու Ավստրալիան ևս քննադատել են Չինաստանի քայլը։ ԱՄՆ իշխանությունները Չինաստանի նախաձեռնությունը բնութագրել են՝ որպես «տարածաշրջանում հավասարակշռությունը խախտող», իսկ Ավստրալիայի ԱԳՆ-ն կանչել է Չինաստանի դեսպանին՝ հայտնելով իր դժգոհությունը և պահանջելով լարվածություն չստեղծել «առանց այն էլ միմյանց հետ հակասություններ ունեցող պետությունների տարածքում»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *