Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ զորավարժություններ: Բողոքի նոտա` Թեհրանից Բաքվին. օրվա ամփոփում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ներկայացրել է ՀԱՊԿ հետագա անելիքները և անդրադարձել ԼՂ հակամարտության ժամանակ ՀԱՊԿ-ի ներգրավվածության հավանականությանը: Հայտարարվել, ապա հերքվել է իրանական մարտական ուղղաթիռի` Ադրբեջանի օդային սահմանը խախտելու մասին լուրը: Ամերիկացիների շրջանում անցկացված հարցումների համաձայն պարզվել է, թե որ պետություններն են համարվում ԱՄՆ-ի թշնամիները:

  •  «2012թ.-ի աշնանը Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ Արագ արձագանքման ուժերի զորավարժությունները, որոնց կարող են մասնակցել կազմակերպության բոլոր 6 երկրները:… Քննարկվելու են նաև Հայաստանում ռազմական տեխնիկայի սպասարկման 4 կայանների ստեղծման հարցերը»,- հայտարարել է Նիկոլայ Բորդյուժան: Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի կլինի ՀԱՊԿ քայլերը, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծվի «ճգնաժամային իրավիճակ»` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պատասխանել է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի ճգնաժամ կլինի:
  •  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը և Եվրամիության արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալության գործադիր տնօրեն Իլկա Լայտինենին քննարկել են սահմանային հսկողության հարցեր: Թեման` panarmenian.net(1,2)-ում:
  •  Հայ ռազմական փորձագետներն ու ԼՂՀ ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կազմակերպած զորավարժություններին` նշելով, որ իրավիճակը հայկական կողմի հսկողության տակ է, իսկ Ադրբեջանի այդ քայլը ոչ այլ ինչ է, քան «ցուցադրական ֆոնի» ապահովում:

Միջազգային լուրերը հայկական մամուլում

  • Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, թե իրանական ռազմական ուղղաթիռները խախտել են Ադրբեջանի պետական սահմանը, սակայն ավելի ուշ տեղի իշխանությունները հերքել են այդ լուրերը:
  • Թուրքական և իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ` Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը վերացրել է Թուրքիայի Ռազմաօդային ուժերին հետախուզական համակարգեր վաճառելու արտոնագիրը:
  • Gallup ընկերության կողմից իրականացրած հարցման արդյունքում Իրանին ԱՄՆ-ի թշնամի են համարում ամերիկացիների 32 %-ը, իսկ «թշնամական երկրորդ հորիզոնականում է» Չինաստանը` 23%-ով:
  • Փետրվարի 16-ին Սուեզի ջրանցքով Միջերկրական ծով մտած իրանական նավերը լքել են Սիրիայի ափերը:
  • Ռուսաստանի ԱԳՆ-ն հնարավոր չի համարում «Սիրիայի բարեկամներ» համաժողովին մասնակցելը, քանի որ դեռևս ծանոթ չէ օրակարգին և հրավիրված անձանց ցանկին:
  • Իսլամի հեղափոխության պաշտպանների կորպուսի հրամանատար Մոհամադ Հեջազին հայտարարել է, որ եթե Իրանը զգա, որ իր ազգային շահերը սպառնալիքի տակ են, ապա կարող է կանխարգելիչ հարված հասցնել հակառակորդին:

Վերջում նշենք, որ Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը չի մարում: Հերթական անգամ պաշտոնական Թեհրանը` ի դեմս Ադրբեջանում իր դեսպանի` բողոքի նոտա է հղել Բաքվին` իրանցի լրագրողների ձերբակալության առնչությամբ: Դեսպանը նշել է, որ հեռուստաընկերության աշխատակիցների ձերբակալման փաստը հակասում է միջազգային նորմերին և պահանջել է անհապաղ ազատ արձակել նրանց:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին թոքաբորբից մահացել է հայ զինծառայող: Մահվան հանգամանքին Razm.info-ն անդրադարձել է առանձին հրապարակմամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *