Իրանը փակել էր Ջուղայի հսկիչ անցակետը Նախիջևանի հետ սահմանին և Բիլյասուվարինը՝ Ադրբեջանի հետ սահմանին։ Երկու երկրների հարաբերություններում միջադեպը լարվածություն էր առաջ բերել։ Նոյեմբերի 9-ին անցակետերը բաց էին, սակայն միայն հետիոտների համար:
Նոյեմբերի 9-ին ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության տվյալներով՝ Նախիջևանի Փոլդեշթ-Շահթահթը սահմանային անցակետում կայացել է Ադրբեջանի և Իրանի սահմանապահների հանդիպումը: Ադրբեջանցի սահմանապահների խոսքերով՝ հանդիպումն արդյունավետ էր, ակնկալվում է, որ առաջիկայում Իրանը կբացի անցակետերը:
Բիլյասուվարի մաքսային ծառայության պետի տեղակալ Միրրաֆիգ Միրսուլթանովը հայտարարել է, որ հետիոտների երկկողմ տեղաշարժը վերականգնված է, արգելքներ չկան:
Այնուհանդերձ, ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սահմանային անցակետերն այդպես էլ լիարժեքորեն չեն գործում: Նոյեմբերի 9-ի դրությամբ, ըստ ԱՊԱ-ի, իրանական կողմից ավելի քան 1000 ադրբեջանցի սպասում է՝ երբ հնարավոր կլինի հատել սահմանը: Բացի այդ, հերթի մեջ են շուրջ 200 տրանսպորտային միջոցներ:
Այս պահի դրության Իրանի կողմից դեռևս պաշտոնական արձագանքներ չկան:
Հիշեցնենք, որ համաձայն Ադրբեջանում Իրանի դեսպանի խոսքերի՝ Իրանի քայլի պատճառն այն էր, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն օրերս փակել էր Փոլդեշթ-Շահթահթի անցակետը։ Դա լուրջ խնդիրներ էր առաջ բերել իրանցի վարորդների ու քաղաքացիների համար։ Իրանը 2 օր բանակցել էր այն բացելու համար, սակայն ապարդյուն։
Հավելենք, որ նոյեմբերի 7-ին Ջուղայի անցակետից ոչ հեռու միջադեպ էր գրանցվել։ Ընդ որում, երկու կողմերը միմյանցից տարբեր պատմություն են ներկայացնում։ Ադրբեջանը պնդում է, որ Նախիջևանի ադրբեջանցի տրակտորավարներից մեկն Արաքսի ափին՝ Շարուրի շրջանի Դեմիրչի գյուղին կից, հողային աշխատանքներ է կատարել։ Երկու զինծառայողներ կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։ Ադրբեջանի սահմանապահները, ժամանելով դեպքի վայր, պարզել են՝ կրակը բացվել է Իրանի կողմից։
Իրանական կողմը հաղորդում է, որ 2 իրանցի տրակտորավարներ աշխատանքներ էին կատարում սահմանին՝ չեզոք գոտում։ Նրանց ուղղությամբ կրակ է բացվել:
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ադրբեջանական մի շարք լրատվակայքեր, այդ թվում՝ musavat.com-ը, ներկայացնում են միջադեպի իրանական վարկածը։
Իրանը հաճախ կիրառում է Նախիջևանի հետ սահմանի փակման հանգամանքը՝ որպես հավելյալ լծակ Ադրբեջանի դեմ։ Խնդիրն այն է, որ Նախիջևանը զրկված է Ադրբեջանի հետ ցամաքային հաղորդակցությունից: Նախիջևան տանող միակ ճանապարհն օդային ուղին է Բաքվից, իսկ ցամաքային միակ ուղին անցնում է Իրանով։