Իրանը փակել է Ադրբեջանի հետ սահմանային անցակետերը. իրավիճակը լարված է

Իրանը փակել է Ջուղայի հսկիչ անցակետը Նախիջևանի հետ սահմանին և Բիլյասուվարինը՝ Ադրբեջանի հետ սահմանին։ Պատճառը հավանաբար Ջուղայի սահմանին 2 իրանցի տրակտորավարների սպանությունն է։ Երկու երկրների հարաբերություններում միջադեպը լարվածություն է առաջ բերել։

Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, ներկա դրությամբ փակ է Բիլյասուվարի անցակետը, ինչի պատճառով ավելի քան 200 տրանսպորտային միջոց և Ադրբեջանի շուրջ 1000 քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ Ադրբեջան։ Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունն իր հերթին նշում է, որ փակվել է նաև մեկ այլ կարևորագույն սահմանային անցակետ Ջուղայում, որը սահմանակից է Նախիջևանին։

Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է սահմանային անցակետերի փակումը։ Մասնավորապես, պետական մաքսային ծառայության Բիլյասուվարի վարչության ղեկավար Միրրաֆիգ Միրսուլթանովն ասել է, որ իրանական կողմը «հիմնավոր բացատրություններ չի ներկայացնում սահմանը փակելու առնչությամբ»։

Ադրբեջանի պատկան մարմինները «Թուրան» լրատվական գործակալության թղթակցին հավաստիացրել են, որ դեռևս պարզ չէ՝ երբ կբացվեն անցակետերը։

Ադրբեջանում Իրանի իսլամական հանրապետության դեսպանատան մամուլի ծառայության ղեկավար Մուհամեդ Այաթոլլահը որոշակիորեն պարզաբանել է իրավիճակը։ Մամուլի հաղորդագրության մեջ ասված է. «Իրանի քայլի պատճառն այն էր, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն օրերս փակել է Փոլդեշթ-Շահթահթի անցակետը։ Դա լուրջ խնդիրներ է առաջ բերել իրանցի վարորդների ու քաղաքացիների համար։ Իրանը 2 օր բանակցել է այն բացելու համար, սակայն ապարդյուն։ Համաձայն միջազգային օրենքների՝ եթե սահմանային անցակետերում հրաձգություն է լինում, դրանք ոչ թե փակվում են, այլ կողմերի սահմանապահները հանդիպում են ու քննարկում են խնդիրը»։

Հաղորդագրության տեքստում շեշտված է, որ Իրանը նախապես զգուշացրել է անցակետերի փակման հավանականության մասին։

Նկատենք, որ Իրանի դեսպանատան մամուլի ծառայության ղեկավարը, «հրաձգություն» ասելով, նկատի է ունեցել նոյեմբերի 7-ին Ջուղայի անցակետից ոչ հեռու գրանցված միջադեպը։ Ընդ որում, երկու կողմերը միմյանցից տարբեր պատմություն են ներկայացնում։ Ադրբեջանը պնդում է, որ Նախիջևանի ադրբեջանցի տրակտորավարներից մեկն Արաքսի ափին՝ Շարուրի շրջանի Դեմիրչի գյուղին կից, հողային աշխատանքներ է կատարել։ Երկու զինծառայողներ կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։ Ադրբեջանի սահմանապահները, ժամանելով դեպքի վայր, պարզել են՝ կրակը բացվել է Իրանի կողմից։

Իրանական կողմը հաղորդում է, որ 2 իրանցի տրակտորավարներ աշխատանքներ էին կատարում սահմանին՝ չեզոք գոտում։ Նրանց ուղղությամբ կրակ է բացվել, դրա հետևանքով երկուսն էլ մահացել են։
Ադրբեջանը հավաստիացնում է, որ սահմանային անցակետ է փակել «հետաքննությունն անցկացնելու նպատակով»։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ադրբեջանական մի շարք լրատվակայքեր, այդ թվում՝ musavat.com-ը, ներկայացնում է են միջադեպի իրանական վարկածը։

Հավելենք, որ այս միջադեպը կարող է պատճառ հանդիսանալ Իրան-Ադրբեջան հարաբերություններում նոր լարվածության երևան գալու համար։ Սահմանի փակման դեպքեր երկու երկրների միջև եզակի չեն։ Դեռևս 2012-ի հունիսին Իրանը կրկին փակել էր Բիլյասուվարի անցակետը մի քանի օրով՝ պատճառաբանելով, որ «նախագահական ընտրությունների շրջանում ավելորդ լարվածությունից խուսափում է»։ 2012-ի սեպտեմբերին Իրանը սպառնացել էր շրջափակել Նախիջևանը, եթե Ադրբեջանը վերացնի Թուքիայի հետ վիզային ռեժիմը։

Հարկ է նշել, որ Իրանի կիրառում է Նախիջևանի հետ սահմանի փակման հանգամանքը՝ որպես հավելյալ լծակ Ադրբեջանի դեմ։ Խնդիրն այն է, որ Նախիջևանը զրկված է Ադրբեջանի հետ ցամաքային հաղորդակցությունից: Նախիջևան տանող միակ ճանապարհն օդային ուղին է Բաքվից, իսկ ցամաքային միակ ուղին անցնում է Իրանով։

Սահմանի փակման պատճառով խիստ սահմանափակվում է նաև Նախիջևանի հանրապետություն բենզինի և դիզվառելիքի մատակարարումը, քանի որ այն իրականացվում է Աստարա-Թավրիզ-Ջուղա ուղղությամբ:

4 responses to “Իրանը փակել է Ադրբեջանի հետ սահմանային անցակետերը. իրավիճակը լարված է

  1. Pingback: Փակված անցակետերը լուրջ խնդիր են Ադրբեջան-Նախիջևան ցամաքային կապի հարցում. իրանագետ | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարը հանդիպել է Իրանի իր պաշտոնակցին | Ռազմ.info

  3. Pingback: Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարը մեկնելու է Իրան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *