Ինչպե՞ս կարելի է լուծել բանակի խնդիրները: ԱՄՆ նոր պատժամիջոցներ Իրանի դեմ. օրվա ամփոփում

Զորամասում զինվորին պարբերաբար ծեծելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ընթացք տալով զինծառայողի մոր բողոքին և ուսումնասիրելով գործը` հայտնում է ԼՂ-ի ՊԲ մամլո ծառայությունը: ՄԱԿ-ի ԳԱ Սիրիայի հարցով բանաձև է ընդունել, իսկ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների է դիմել:

  • Քաղաքացիները սկսել են քննարկել այն հանգամանքները, որոնք հիմք են տալիս քննադատել ԶՈՒ համակարգը և փորձել են պարզել, թե ինչու է ԶՈՒ ավելի մեծ քննադատության արժանանում այն դեպքում, երբ բանակում պատահարների թիվը կրճատվել է: Հոդվածագիրը գալիս է այն եզրակացությանը, որ հասարակության մտածելակերպը փոխվել է և բանակին անհրաժեշտ են պրոֆեսիոնալ սպաներ, որոնց գոյությունը մի շարք խնդիրներ կլուծի:
  • ԱՄՆ ՊՆ հետախուզական ծառայության գեներալ- լեյտենանտ Ռոնալդ Բերջեսը հայտարարել է, որ  Իրանն իր վրա հարձակման դեպքում պատրաստ է պատասխան հարված հասցնել, սակայն դժվար թե առաջինը առճակատման գնա կամ հրահրի:
  • Իրանական «ՖԱՐՍ» գործակալությունը գրում է, որ Բաքվի գործելաոճը հաստատում է իր մասնակցությունն իրանցի գիտնականների նկատմամբ իրականացված ահաբեկչության գործում: Հիշեցնենք, որ Թեհրանը մեղադրել էր Բաքվին` իրանցի միջուկագետ-ֆիզիկոսի սպանության հարցում իսրայելցիներին աջակցելու մեջ:
  • Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը նշել է, որ  Թուրքիան գոհ չէ Իրանի նկատմամբ պատժամիջոցներից, քանի որ դրանք կհանգեցնեն նավթի և գազի գների աճման:
  • ԱՄՆ-ն հերթական քայլն է անում Իրանի դեմ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ այսուհետ Իրանի անվտանգության և հետախուզության նախարարությունն ԱՄՆ-ի կողմից կենթարկվի պատժամիջոցների:

Մինչ Սիրիայի Հոմս քաղաքում շարունակվում են իշխանության և ընդդիմության միջև բախումները` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հավանություն է տվել Սիրիայի մասին բանաձեւին, որով Դամասկոսին կոչ է արվում «անմիջապես վերջ դնել մարդու իրավունքների բոլոր խախտումներին եւ քաղաքացիական անձանց վրա հարձակումներին, ապահովել բնակչության անվտանգությունը, ամբողջությամբ կատարել միջազգային իրավունքով սահմանված պարտականությունները»:

  • Շարունակելով Սիրիայի թեման` նշենք, որ Թուրքիայում` պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն Սիրիայում ռազմական միջամտության չի դիմի:
  • Ռուսաստանի Սևծովյան նավատորմին առաջարկվում է վերադարձնել Սևաստոպոլի նավամատույցները կամ վճարել դրանց դիմաց, որոնք 35-ն են, սակայն ռուսական կողմը տարիներ շարունակ հրաժարվում է կատարել ուկրաինական դատարանի որոշումը:
  • Ռուսական ВЗГЛЯД թերթը` հղում անելով Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Բոկերիային, գրում է, որ առաջիկա օրերին Վրաստան է ժամանելու ամերիկացի մասնագետների խումբը, որը Վրաստանում հետազոտելու է երկրի պաշտպանունակության բարձրացման հարցը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *