Եվրոպայում, ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի գործարկման շրջանակներում, ԱՄՆ Ռազմածովային ուժերին պատկանող ականակիր նավերը 2014թ. ֆինանսական տարում կսկսեն տեղափոխվել Իսպանիայի ռազմածովային Ռոտա բազա : Հայտնում է Navy Times-ը` հղում անելով ՌԾՈՒ-ի նախարար Ռայ Մաբուսին:
ԱՄՆ-ում ֆինանսական տարին մեկնարկում է հոկտեմբերի 1-ից և ավարտվում սեպտեմբերի 30-ին: Ղեկավարվող հրթիռներով զինված Ross և Donald Cook ականակիրները ներկա պահին կայանված են Նորֆոլկում և Իսպանիա կհասնեն 2014թ ֆինանսական տարում (2014-2015թթ): Իսկ Porter և Carney ականակիրները Իսպանիայում կլինեն 2015-16թթ.:
Ավելի վաղ ԱՄՆ ՌԾՈՒ-ը հայտարարել էին, որ Ռոտա բազայում կտեղակայվի մոտ 1300 զինծառայող և քաղաքացիական ծառայողներ և 2100 ընտանիքի անդամներ:
Ծրագրվում է, որ ԱՄՆ-ի` Եվրոպա ՀՀՊ հիմքով հետագայում կստեղծվի ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգը:
ՆԱՏՕ ՀՀՊ համակարգն ամբողջացնելու համար ծրագրվում է օգտագործել անդամ-պետությունների զինված ուժերի և Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ԶՈՒ-ի ներուժը: ՆԱՏՕ-ի հետարքրությունների շրջանակներում կարող են գործի դրվել Թուրքիայի ռադիոլոկացիոն կայանը, Ռումինիայում և Լեհաստանում գտնվող որսացող SM-3 հրթիռների բազաները և ԱՄՆ ՌԾՈՒ-ին պատկանող Ռոտայում գտնվող նավերը: Բացի այդ, կօգտագործվեն նաև Նիդերլանդների ՌԾՈՒ-ի նավերի վրա տեղակայված ռադիոլոկացիոն կայանները:
2011թ. հոկտեմբերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ դաշինքի ՀՀՊ համակարգը լիարժեք գործարկման պատրաստ կլինի 2018թ.-ին, իսկ այս ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ Գերմանիայի «Ռամշտայն» ռազմակայանում ՀՀՊ համակարգի հրամանատարական կետը կսկսի տեղակայվել 2013թ.-ին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը դեմ է Եվրոպա ՀՀՊ-ի տեղակայմանն այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ն հրաժարվեց իրավական երաշխիքներ տրամադրել, որ կայանները չեն ուղղվի Ռուսաստանի դեմ: Այս ընթացքում Ռուսաստանը ևս շարունակում է ընդլայնել իր ռադիոլակացիոն կայանների ծածկույթը և մեծացնել դրանց թիվը: