Ադրբեջանի «դոլարային գեներալը» զգուշությամբ է մեկնաբանում իր պաշտոնանկության լուրը

Հոկտեմբերի 24-ին ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը լուրեր էր տարածել ՊՆ տեսչական վարչության ղեկավար, Ադրբեջանի ԶՈւ գեներալ-մայոր Մամեդ Բեյդուլլաևի պաշտոնանկության մասին։ ՊՆ-ն չէր հաստատել, սակայն չէր էլ հերքել այս լուրը։ Իրավիճակը մեկնաբանում է հենց ինքը՝ գեներալը։

Ադրբեջանի ԶՈւ գեներալ-մայոր Մամեդ Բեյդուլլաև

Ադրբեջանի ԶՈւ գեներալ-մայոր Մամեդ Բեյդուլլաև

Ադրբեջանական Publika.az լրատվակայքին տված հարցազրույցում Բեյդուլլաևն անորոշ պատասխան է տվել իր հեռացման վերաբերյալ տեղեկություններին։

«Ներկա դրությամբ ես արձակուրդում եմ մեկուկես ամիս ժաանակահատվածով, սակայն դեռևս ՊՆ-ում եմ։ Պետք է ասեմ, որ դեռևս տեղեկություն չունեմ ՊՆ-ում իմ հետագա ճակատագրի մասին։ Ես արդեն 60-ն անց եմ, պետք է որ թոշակի անցած լինեի 58 տարեկանում։ Ես զինվորական մարդ եմ, պետք է հրամանը կատարեմ. որտեղ ասեն, այնտեղ էլ կգնամ, եթե ասեն՝ ծառայի´ր, ուրեմն կծառայեմ, եթե ասեն՝ թոշակ´ի անցիր, կգնամ թոշակի։ Ես դժգոհ լինելու իրավունք չունեմ»,-շեշտել է գեներալը։

Գեներալը բավականին զգուշավոր է արձագանքել կադրային կտրուկ փոփոխություններին։ Նա նշել է. «Ոչինչ չեմ կարող ասել, ժամանակը ցույց կտա, պարզ բան է, որ նոր նախարարը նոր թիմ պետք է հավաքի, պետք է լինի նոր աշխարհայացք։ Ես այս տեսանկյունից եմ ընկալում կադրային բարեփոխումը»։

Նկատենք, որ գեներալ-մայոր Մամեդ Բեյդուլլաևը վաղուց հայտնի է Ադրբեջանում «Դոլարային Մամեդ» մականվամբ։

Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների՝ այդ մականունով նրան կնքել են ամենակոռուպացված գեներալներից մեկը լինելու պատճառով։ «Հենց Դոլարային Մամեդն է կանգնած Սաֆար Աբիևի կառուցած «կոռուպցիոն բուրգի» գագաթին»,-գրում է ադրբեջանական Haqqin.az լրատվակայքը։

Հիշեցնենք, որ 2013-ի հուլիսի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս գեներալին պարգևատրել է «Զինվորական ծառայության համար» շքանշանով։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ նրան որակում են «Սաֆար Աբիևի վաղեմի համախոհ», ուստի գեներալի հեռացումը պաշտպանության նոր նախարար Զաքիր Հասանովի նշանակումից հետո կանխատեսելի քայլ էր։

Դեռևս 2007-ի մարտին Բեյդուլլաևը մեկնաբանել է իր՝ ՊՆ կադրերի բաժնի ղեկավարի պաշտոնից հեռացումն ու որոշ ժամանակ անց թերևս Սաֆար Աբիևի աջակցությամբ զինվորական գործունեությանը վերադառնալը։ Գեներալն ընդգծել է, որ բնական է համարում զինվորական մի պաշտոնից մյուսին անցնելը՝ նշելով՝ «8 տարի պաշտոնավարելը՝ որպես կադրերի վարչության ղեկավար, չափազանց երկար ժամանակահատված է»։

Հավելենք, որ ըստ ԱՊԱ-ի՝ պաշտոնանկ եղած գեներալ-մայոր Մամեդ Բեյդուլլաևին ՊՆ տեսչական վարչության ղեկավարի պաշտոնում փոխարինել է 1995-ին նախագահի հրամանագրով Ադրբեջանի Ազգային հերոսի կոչում ստացած գնդապետ Ֆահրեդդին Ջաբրաիլովը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *