Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է կադրային փոփոխությունների մի մասը, մյուսների մասին լռում է

Նախօրեին ադրբեջանական ԱՊԱ լրատվամիջոցը լուրեր էր տարածել, որ Ադրբեջանում նշանակվել են պաշտպանության նոր փոխնախարար, ՌՕՈւ հրամանատար և ՊՆ տեսչական վարչության պետ: Այսօր՝ հոկտեմբերի 25-ին արդեն ՊՆ-ն հերքում է տեղեկությունների մի մասը, մի քանիսի վերաբերյալ էլ լռում է:

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն

Հիշեցնենք, որ ըստ ԱՊԱ-ի՝ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Չինգիզ Մամեդովին փոխարինել է Ադրբեջանի նախագահի՝ ռազմական հարցերի գծով օգնականի տեղակալ Ռամիզ Թահիրովը, որը դարձել է միաժամանակ ռազմաօդային ուժերի հրամանատար: Ուստի ՌՕՈւ հրամանատարի պաշտոնից ազատվել է գեներալ-մայոր Ալթայ Մեհտիևը:

Պաշտոնանկ եղած գեներալ-մայոր Մամեդ Բեյդուլլաևին ՊՆ տեսչական վարչության ղեկավարի պաշտոնում փոխարինել է 1995-ին նախագահի հրամանագրով Ադրբեջանի Ազգային հերոսի կոչում ստացած գնդապետ Ֆահրեդդին Ջաբրաիլովը:

Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ «իրականությանը չի համապատասխանում Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի, ՌՕՈւ ուժերի հրամանատար Ալթայ Մեհտիևի պաշտոնանկության լուրը»:

Այնուհանդերձ, հաղորդագրության մեջ ոչինչ ասված չէ գեներալ-մայոր Մամեդ Բեյդուլլաևի պաշտոնանկության լուրի մասին, որը, լինելով ՊՆ տեսչական վարչության պետ, հայտնի էր դարձել «դոլարային Մամեդ» մականունով: Դրա պատճառն Ադրբեջանի ԶՈւ ամենակոռուպացված գեներալներից մեկը լինելն էր:

«Հենց Բեյդուլլաևն էր կանգնած ՊՆ կոռուպացիայի բուրգի գագաթում»,-գրում է ադրբեջանական կայքերից մեկը:

Ստացվում  է՝ Բեւյդուլլաևի պաշտոնանկությունը եղելություն է:

Այնուհանդերձ, զարմանալի է, որ իշխանությանն ու իշխանական աղբյուրներին, այդ թվում նաև ՊՆ աղբյուրներին մոտ կանգնած ԱՊԱ լրատվական գործակալությունը երեկ ապատեղեկատվություն տարածած լիներ: Ավելին, ադրբեջանական քիչ թե շատ ընդդիմադիր լրատվամիջոցները, օրինակ՝ «Թուրան» լրատվական գործակալությունը, ևս հաղորդել էին նույն պաշտոնանկությունների մասին: «Թուրանը» նույնիսկ մեջբերել էր «Դոկտրրինա» լրագրողների ռազմական հետազոտությունների կենտրոնի մեկնաբանությունը, որը հաստատում էր կադրային փոփոխությունների լուրը՝ հավելելով՝ դա միայն սկիզբն է, առջևում սպասվում են խոշոր ստորաբաժանումների հրամանատարների, վարչությունների պետերի հեռացումներ:

Իսկ այսօր ԱՊԱ-ն թերևս եզակիներից է, որ չի հրապարակել ՊՆ-ի հերքման հաղորդագրությունը և չի էլ հեռացրել կադրային փոփոխությունների մասին իր հրապարակումը: Ուստի, չի բացառվում, որ կադրային փոփոխություններն իրական են, միայն թե ավելի ուշ են ծրագրված իրականացնել:

Նշենք նաև, որ երեկվա դրությամբ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ էին հրապարակել առ այն, որ ՊՆ ֆինանսների և բյուջեի վերահսկման վարչության պետ, գնդապետ Էլչին Մեհտիևն ազատված է պաշտոնից և այուհետ զբաղեցնելու է «առաջնագծային զորամիավորումներից մեկի հրամանատարի պաշտոնը»: ՊՆ ինժեներական կառույցների վարչության պետ, գնդապետ Մեհման Հադիմալիևի պաշտոնն իջեցվել է, նա պաշտոնավարելու է Բարդայի զորամիավորումում, թե ինչ պաշտոնում, չի հաղորդվում:

Ուշագրավ է, որ ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը կայքերին մեկնաբանել է՝ ԳՇ պետի տեղակալ, անձնակազմի հետ աշխատանքի վարչության պետ, մոբիլիզացիայի վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յաշար Այդամիրովը հեռացված է պաշտոնից, նրան փոխարինել է դաստիարակչական աշխատանքի վարչության պետ, գեներալ-մայոր Վագիֆ Մամեդովը:

Պաշտոնանկության մասին բոլոր հիշատակված տեղեկությունները Ջաֆարովը հաստատել է երեկ գիշերը՝ ֆեյսբուքյան իր էջի գրառումներից մեկում՝ կոչ անելով. «թույլ տվեք շունչ քաշել, կհաղորդենք նոր կադրային փոփոխությունների մասին: Նոր նախարար Զաքիր Հասանովի այս որոշումները ՊՆ-ում շոկ են առաջ բերել»: Նա վկայել է, որ սպասում էր՝ ՊՆ մամուլի ծառայությունը հայտներ լրագրողներին, սակայն քանի որ դա տեղի չի ունեցել, ուրեմն ստիպված է ինքը հայտնել հանրությանը արդեն գրանցված կադրային փոփոխությունների մասին:

Նկատենք, որ պաշտպանության նոր նախարարի նշանակման օրից ի վեր լուրեր էին պտտվում, որ վերջինիս նախկին տեղում՝ ներքին գործերի փոխնախարարի պաշտոնում, նշանակվելու է Շամխորի կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը: Ինքը՝ Աքպերովն էլ լրագրողների հետ զրույցում, ըստ էության, չի հերքել այս տեղեկությունը: Վերահիշյալ լուրերը ներկա դրությամբ ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել է Ադրբեջանի ՊՆ-ն:

Այսպիսով, փորձագետների, վերլուծաբանների, լրագրողների կանխատեսած կադրային փոփոխությունները թերևս իրականություն են կամ իրականություն են դառնալու, այլապես տարբեր լրատվամիջոցներ չէին հաղորդի սկզբունքորեն նույն տեղեկությունը, ռազմական փորձագետ Ջաֆարովն էլ չէր հաստատի լուրերը: Չի բացառվում, որ ՊՆ-ի հերքումը կապված էր այն հանգամանքի հետ, որ փոփոխությունները ծրագրված են, սակայն դրանց ի կատար ածումը ժամանակի հարց է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *