ԱՄՆ ՌԾՈւ հրամանատարությունը կարող է պատվիրել F/A-18E/F Super Hornet («Սուպեր Հորնեթ») տախտակամածային կործանիչների խմբաքանակ։ Միաժամանակ ՌԾՈւ-ին կտրամադրվեն F414 ռեակտիվ շարժիչներ:
Նախատեսվում է, որ պայմանագիր կնքվի ամերիկյան Boeing («Բոինգ») ընկերության հետ, որն էլ ԱՄՆ ռազմածովային ուժերին կտրամադրի F/A-18E/F 36 կործանիչ ու E/A-18G ռադիոէլեկտրոնային պայքարի ինքնաթիռ։
ՌԾՈւ-ին կտրամադրվեն նաև F414 ռեակտիվ շարժիչներ, որոնք նախատեսված են նշված երկու տիպի ինքնաթիռների վրա տեղադրման համար։ Ինքնաթիռների գնման գումարը կտրամադրվի 2015-ի ռազմական բյուջեից։
Պաշտոնապես ԱՄՆ ՌԾՈւ-ն որևէ կերպ չի արձագանքում այս լուրին։ Սակայն ենթադրվում է, որ Super Hornet ինքնաթիռներ գնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ F-35C կործանիչների սպառազինության ընդունման ժամկետը կարող է փոխվել։
F-35 Lightning-2 կործանիչների հիմքի վրա ստեղծվելիք F-35C նոր արդիականացման սպառազինության ընդունումը նախատեսված էր իրականացնել 2018-ին։ Սակայն ներկայումս այդ ժամկետը կասկածի տակ է դրված։
Միաժամանակ նշվում է, որ նման ձգձումը կարող է թուլացնել ԱՄՆ ՌԾՈւ ռազմական կարողությունը։ Այդ պատճառով ԱՄՆ Սենատն էլ իր հերթին խորհուրդ է տվել ռազմածովային ուժերի համար նախատեսված մարտական ինքնաթիռների գնման ֆինանսավորումն ավելացնել 75 մլն ԱՄՆ դոլարով։
Նշենք, որ ներկայումս ԱՄՆ ՌԾՈւ սպառազինության մեջ կա 439 միավոր F/A-18E/F կործանիչ, որոնք աստիճանաբար փոխարինում են իրենց նախորդ F/A-18A/B/C/D Hornet կործանիչներին, որոնցից սպառազինության մեջ կա 369 միավոր։ Բացի այդ սպառազինության մեջ մտնում են նաև 74 միավոր E/A-18G E/A-18G Growler ռադիոէլեկտրոնային պայքարի ինքնաթիռներ։
Ամերիկյան F/A-18E/F Super Hornet կործանիչը F/A-18-ի խորը արդիականացումն է։ Անձնակազմը 1 օդաչու է։ Ինքնաթիռի «դատարկ» զանգվածը մոտ 14,5 տոննա, առավելագույն թռիչքային զանգվածը՝ մոտ 30 տոննա։ Թռիչքի առավելագույն բարձրությունը մոտ 15 կմ է, առավելագույն հեռավորությունը՝ ավելի քան 2000 կմ։
Զինված է 6 փողանոց Մ61Ա1 20 մմ թնդանոթով, թևերին ունի 11 կախոց, որոնք կարող են տեղափոխել ինչպես մի շարք կառավարվող ու չկառավարվող հրթիռներ, այնպես էլ տարբեր ավիառումբեր։ Կործանիչը կարող է կրել նաև միջուկային սպառազինություն։
Կործանիչի մեկ միավորի գինը մոտ 67 մլն ԱՄՆ դոլար է։ Ներկայումս նման ինքնաթիռներ կան ԱՄՆ ռազմածովային և Ավստրալիայի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ։