ԱՄՆ-ն Իսրայելին կտրամադրի 6 միավոր կոնվերտոպլան

Պենտագոնը մտադիր է 6 միավոր V-22 Osprey (Օսփրի) կոնվերտոպլաններ վաճառել Իսրայելի զինված ուժերին։ Իսրայելում կոնվերտոպլանների ձեռքբերման մասին լուրեր պտտվում էին դեռևս ապրիլից, իսկ հոկտեմբերին Իսրայելը պաշտոնապես դրանք գնելու հայտ ներկայացրեց ԱՄՆ-ին։ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի խոսքով՝ Պենտագոնը մտադիր է պայմանագրի կնքումն ու տրամադրումը իրականացնել արագ ռեժիմով ու ավարտել երկու տարվա ընթացքում։

Փաստորեն կոնվերտոպլանները Իսրայելին կտրամադրվեն ավելի շուտ, քան ԱՄՆ ռազմածովային ուժերին, իսկ Իսրայելը կդառնա ԱՄՆ-ից հետո առաջին երկիրը, որին կտրամադրվի Osprey կոնվերտոպլանը։

Կոնվերտոպլանը օդաչուավոր թռչող սարք է, որի պտուտակները շրջվող են ու կարող են հորիզոնական դիրքից անցնել ուղղահայաց դիրքի և հակառակը։ Դրա շնորհիվ կոնվերտոպլանը օդ է բարձրանում ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական թռիչքով։

 V-22 Osprey ամերիկյան կոնվերտոպլանը ներկայումս միակն է, որ սերիական արտադրության է։ Այն նախագծվել է շուրջ 30 տարի, իսկ սպառազինության վերցվել է 2005-ին։ Կոնվերտոպլանի անձնակազմը 3 կամ 4 մարդ է՝ կախված արդիականացումից, կարող է տեղափոխել մինչև 24 դեսանտային։

V-22 Osprey կոնվերտոպլանը «ուղղաթիռայինից» «ինքանթիռային» ռեժիմի անցնելիս

«Դատարկ» զանգվածը 15 տոննա է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 24-26 տոննա։ 2 շարժիչների ընդհանուր հզորությունը 12.300 ձիաուժ է, ինչի շնորհիվ կոնվերտոպլանը «ուղղաթիռային» ռեժիմում զարգացնում է մինչև 185 կմ/ժ արագություն, «ինքնաթիռային» ռեժիմում՝ 580 կմ/ժ։ Թռիչքի առավելագույն բարձրությունը 7,6 կմ է, առավելագույն հեռավորությունը՝ մոտ 2600 կմ։

Osprey կոնվերտոպլանի մոտավոր գինը 66 մլն ԱՄՆ դոլար է։ Ներկայումս այն ընդգրկված է միայն ԱՄՆ սպառազինության մեջ։

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *