Հայտնի է Պեկինի հրապարակում պայթյունի «կուլիսային պատվիրատուն»

Հոկտեմբերի 30-ին Չինաստանը հաստատել է Պեկինի կենտրոնական հրապարակում ավտոմեքենայի պայթյունի մեղավորների մասին շրջանառվող վարկածը։ Պայթյունի կազմակերպիչը «Արևելյան Թուրքեստան իսլամական շարժում» ույղուրական խմբավորումն է, որը նախկինում էլ ահաբեկչական գործողություններ է իրականացրել Չինաստանում։

Լուսանկար՝ դեպքի վայրից

Լուսանկար՝ դեպքի վայրից

Պաշտոնական այցով Տաշքենդ ժամանած, Չինաստանի կառավարության ներկայացուցիչ Մեն Չզյանչժուն լրագրողներին ասել է, որ Պեկինի ահաբեկչական գործողության «կուլիսային պատվիրատուն» թյուրքախոս ույղուր զինյալների խմբավորումն է՝ «Արևելյան Թուրքեստան իսլամական շարժում»-ը։ Նա հրաժարվել է այլ մանրամասներ հայտնելուց։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինի Թյանանմեն հրապարակում գրանցված ավտոմեքենայի պայթյունը խլել է 5 հոգու կյանք, նախնական տեղեկությամբ՝ վիրավոր են 40-ը:

Ականատեսների վկայությամբ՝ ավտոմեքենան կտրուկ մուտք է գործել Պեկինի կենտրոնական հրապարակ, մխրրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ապա բոցավառվել:
Հոկտեմբերի 29-ին, «Ռոյթերս» գործակալության տվյալներով՝ Պեկինում հետախուզում է հայտարարված ույղուր 2 կասկածյալների նկատմամբ։ Ոստիկանությունը զգուշացրել է տեղի հյուրանոցների աշխատակիցներին ցանկացած կասկածելի այցելուի մասին անհապաղ տեղեկացնել։

Հավելենք, որ Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում հաճախ են ազգային հողի վրա միջադեպեր գրանցվում ույղուր ազգաբնակչության և չինական իշխանությունների միջև։ Ույղուրները մեղադրում են Չինաստանին իրենց ավանդույթները չհարգելու, ձուլման քաղաքականություն վարելու, իրենց մշակույթի վրա ազդելու փորձերի համար։ Չինաստանն էլ իր հերթին մեղադրանքներ է ներկայացնում ույղուրներին հասարակական կարգը խախտելու, ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսանալու, անջատողական նկրտումների հարցում։

Նկատենք, որ անցյալում ևս ույղուրների կողմից իրականացված ահաբեկչական գործողությունների փորձեր են գրանցվել։ Մասնավորապես, 2008-ին Պեկինում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ ՉԺՀ Հասարակական անվտանգության նախարարությունը հրապարակել էր ույղուր ահաբեկիչների ցուցակը, որոնց կասկածվում էին ահաբեկչական գործողություններ անցկացնելու փորձի, խաղերի անցկացումը խափանելու ակցիաներ կազմակերպելու մեջ:

Չինաստանի արտգործնախարարության տվյալներով` «Արևելյան Թուրքեստան իսլամական շարժումը» ույղուր անջատողականներին միավորող ամենաակտիվ կազմակերպությունն է: Նրա շուրջ 600 զինյալները նախապատրաստություն են անցել իսլամիստների ճամբարներում:

Խմբավորումը ՄԱԿ-ի ու ԱՄՆ-ի կողմից դասվել է ահաբեկչականների շարքին ու սերտ կապեր ունի ալ-Կաիդայի հետ: 1999-ին Աֆղանստանի տարածքում կայացել է Բեն Լադենի հանդիպումն ույղուր զինյալների առաջնորդների հետ: Հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ծայրահեղականները վարժանքներ են անցկացրել Աֆղանստանի Ասադաբադ, Բագրամ, Պագման ու Շինվար ճամբարներում։

2 responses to “Հայտնի է Պեկինի հրապարակում պայթյունի «կուլիսային պատվիրատուն»

  1. Pingback: Ահաբեկչություն Չինաստանի Սինցզյան նահանգում. կան զոհեր | Ռազմ.info

  2. Pingback: Չինաստանը մահապատժի է դատապարտել 9 հոգու ահաբեկչության համար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *