Չինաստանը մահապատժի է դատապարտել 9 հոգու ահաբեկչության համար

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում որոշում են կայացրել մահապատժի ենթարկել ահաբեկչության համար մեղադրվող 9 հոգու, ևս 3-ը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Ինչպես հաղորդում է չինական CCTV հեռուստաընկերությունը, գործով անցնում են 81 հոգի, բոլորն էլ Սինցզյան-ույղուրյուն ինքնավար շրջանի բնակիչներ են։

Հիշեցնենք, որ Չինաստանում ձերբակալությունների ալիք է բարձրացել սույն թվականի մայիսի 22-ին Չինաստանի հյուսիսարևմտյան Սինցզյան նահանգի կենտրոնում՝ Ուրումչի քաղաքում գրանցված ահաբեկչությունից հետո, որը խլել է 43 հոգու կյանք։ Ավելի վաղ՝ մարտի 1-ին, զինված անձինք հարձակվել էին Կունմին քաղաքի ավտոկայանի վրա, ինչի պատճառով սպանվել էր 29 հոգի, վիրավորվել՝ 130-ը։ Ապրիլի վերջին Ուրումչիի երկաթգծային կայարանում արձանագրված պայթյունի հետևանքով սպանվել էր 3 հոգի, վիրավորվել՝ 79-ը։

Հավելենք, որ սույն ահաբեկչություններում կասկածում են «Արևելյան Թուրքեստան իսլամական շարժում» ույղուրական խմբավորմանը, որը ստանձնել էր 2013-ի հոկտեմբերի 30-ին Պեկինի կենտրոնական հրապարակում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը։

Չինաստանի արտգործնախարարության տվյալներով` «Արևելյան Թուրքեստան իսլամական շարժումն» ույղուր անջատողականներին միավորող ամենաակտիվ կազմակերպությունն է: Նրա շուրջ 600 զինյալները նախապատրաստություն են անցել իսլամիստների ճամբարներում: Նրանք պայքար են մղում Սինցզյան նահանգի անկախացման ու իսլամական պետություն դառնալու ուղղությամբ։

Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում հաճախ են ազգային հողի վրա վեճեր ու միջադեպեր գրանցվում ույղուր ազգաբնակչության և չինական իշխանությունների միջև։ Ընդ որում, ույղուրները մեղադրում են Չինաստանին իրենց ավանդույթները չհարգելու, ձուլման քաղաքականություն վարելու, իրենց մշակույթի վրա ազդելու փորձերի համար։ Չինաստանն էլ իր հերթին մեղադրանքներ է ներկայացնում ույղուրներին հասարակական կարգը խախտելու, ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսանալու, անջատողական նկրտումների հարցում։

Ույղուրների կողմից իրականացված ահաբեկչական գործողությունների փորձեր միջազգային նշանակության միջոցառումների ժամանակ ևս գրանցվել են։ Մասնավորապես, 2008-ին Պեկինում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ ՉԺՀ Հասարակական անվտանգության նախարարությունը հրապարակել էր ույղուր ահաբեկիչների ցուցակը, որոնց կասկածվում էին ահաբեկչական գործողություններ անցկացնելու փորձի, խաղերի անցկացումը խափանելու ակցիաներ կազմակերպելու մեջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *