Առաջնագծում սադրելով՝ Ադրբեջանն արհամարհում է ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը. ՀՀ ՊՆ

Այսօր՝ հունիսի 5-ին, դիպուկահարի կրակոցից զոհվել են Արարատի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողներ սերժանտ 26-ամյա Անդրանիկ Սամվելի Եղոյանը և 1992 թվականին ծնված շարքային Բորիս Բենիկի Գասպարյանը։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել միջադեպի առնչությամբ, որում ասվում է՝ ՀՀ ՊՆ-ն կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները ճշտվում են: ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:

Նշենք, որ հաղորդագրության մեջ մասնավորապես շեշտվում է, որ «հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ինչը կրկին անգամ վկայում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել Արցախյան հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով բանակցային գործընթացը: Սրանով Ադրբեջանի իշխանությունները ցուցադրում են իրենց արհամարհանքը և ԵԱՀԿ ՄԽ գործունեության, և միջնորդ պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի, և միջազգային հանրության նկատմամբ»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *