Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարարի պաշտոնավարման ընթացքում առաջին անախորժ միջադեպն է բարձրաձայնվում: Ադրբեջանում 39 ուսուցիչներ բողոքում են զորամասերից մեկի հրամանատարության դեմ՝ իրենց տարածքն ապօրինի սեփականացնելու համար, մինչդեռ միջադեպը շուրջ տաս տարվա վաղեմություն ունի:
Պարզվում է՝ Սումգայիթում ուսուցիչներին հողատարածքներ են տրվել դեռևս խորհրդային տարիներին՝ այգեգործական նպատակներով օգտագործելու, սակայն 2000-ականներին այդտեղ զորամաս է կառուցվել՝ ընդգրկելով հողատարածքները:
Դպրոցի ուսուցիչներից մեկը՝ Նուշաբա Ասրաֆովան, մանրամասնել է. «Հողատարածքները մեզ են հանձնվել 1987-ին, շուրջ 750 հա տարածք բաժանվել է 1000 ուսուցչի միջև: 2000-ականների սկզբին տարածքը ցանկապատվել է՝ առանց մեր թույլտվության և առանց իրազեկելու: Մենք երկար ժամանակ չգիտեինք՝ ով է զավթել հողերը, պարզվեց՝ պաշտպանության նախարարությունն է: Մեր կողմից կառուցված տներն ու տնկված ծառերը տարածքում ծանր տեխնիկայի միջոցով քանդել են: 2001-2008-ը ուսուցիչները շարունակել են վճարել կոմունալ ծախսերի համար, սակայն երբ փորձում ենք մոտենալ տարածքին, զինվորները մեզ հետ են մղում՝ ասես մենք հողեր բռնազավթած թշնամիներ ենք»:
Մանկավարժների վկայությամբ՝ իրենք արդեն 5 տարի է, ինչ բողոքում են տարբեր գերատեսչություններին, բայց ոչ մի արձագանք չկա:
Նկատենք, որ ներկա դրությամբ ավելի քան հարմար պահ է ստեղծվել համանման բողոքները վերհանելու ու բարձրաձայնելու համար, ինչով էլ զբաղված են ադրբեջանական մի շարք լրատվակայքեր: Պաշտպանության նախարարը փոխվել է, ու քաղաքացիների տրամաբանությամբ՝ նա իր պաշտոնավարման թեկուզ սկզբնական շրջանում ու թեկուզ և հասարակության աչքում դրական կերպար ստեղծելու միտումից ելնելով՝ կարձագանքի վաղեմություն ունեցող բողոքներին, լուծում կտա այն հարցերին, ինչը Սաֆար Աբիևին չէր հաջողվել:
Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն բռնազավթել է Սումգայիթում 39 ուսուցիչների հողատարածքները | armday