Հայտնի են Մախաչկալայում պայթյուններն իրականացնողների անունները

Հոկտեմբերի 30-ին Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում ուժգին պայթյուններ են եղել: ՌԴ քննչական հանձնաժողովը հրապարակել է կասկածյալների անունները, ովքեր հետախուզման մեջ են:

Լուսանկար՝ Մախաչկալայի պայթյունների վայրից

Լուսանկար՝ Մախաչկալայի պայթյունների վայրից

Ինչպես «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հաղորդել է ՌԴ քննչական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, կասկածյալները Մախաչկալայում գործող զինյալների խմբի անդամներ են՝ 22-ամյա Մագոմեդրասուլ Շահբանովը և 24-ամյա Մահմուդ Ալիևը: Նա վկայել է, որ այս երկուսին աջակցել են մի քանի այլ անձինք, որոնց հայտնաբերելու նպատակով օպերատիվ-հետախուզական գործողություններ են իրականացվում: Ուսումնասիրվում են նաև փողոցներում տեղակայված տեսախցիկներից ստացված տեսագրությունները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Մախաչկալայի կենտրոնական փողոցների հատման վայրում մի քանի պայթյուններ են եղել: Ռումբերը տեղադրված էին խանութներում, որոնցից մեկում ալկոհոլ էին վաճառում:

Պայթյուններից հետո հրդեհ էր բռնկվել, որը տարածվել էր հարևան խանութներում և սրճարաններում: Պայթյունները միաժամանակյա չէին. առաջինի պայթյունից հետո, երբ դեպքի վայրում մեծ թվով մարդիկ էին հավաքվել, գործի էր դրվել երկրորդ՝ առավել մեծ ուժգնությամբ ռումբը:

Պայթյունների հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 18-ը, որոնցից առնվազն երեքը ոստիկաններ են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *