Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարարը Նախիջևան է մեկնել

Հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար նշանակված Զաքիր Հասանովը մեկնել է Նախիջևան՝ այստեղ տեղակայված զորամիավորման անձնակազմի հետ հանդիպելու։ Սա Հասանովի առաջին այցն է Նախիջևան նշանակումից հետո։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, Զաքիր Հասանովը հոկտեմբերի 30-ին այցելել է Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքի բանակային կորպուս։

ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ նա կադրային փոփոխություններ է արել Նախիջևանում՝ փոխելով տեղի ռազմական ոստիկանության ղեկավարին, սակայն պաշտպանության նախարարությունը դեռևս չի արձագանքել այս տեղեկությանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ից ի վեր ադրբեջանական իշխանամետ ու ընդդիմադիր լրատվամիջոցները, ինչպես նաև ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը գրում են ՊՆ-ում կադրային փոփոխությունների մասին։

ՊՆ-ն դրանք չի շտապում հաստատել ո´չ մամուլի հաղորդագրության, ո´չ պաշտոնական մեկնաբանությունների տեսքով։ Օրերս Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը բավականին անորոշ պատասխան է տվել նշանակումների վերաբերյալ շրջանառվող լուրերին։

Նկատենք, որ ՊՆ մամուլի ծառայության դիրքորոշման ու լռության պայմաններում կադրային փոփոխությունների վերաբերյալ միակ աղբյուրը ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի ֆեյսբուքյան էջն է, ինչպես նաև «սեփական ռազմական աղբյուրներին» հղում տվող ադրբեջանական կայքերը։

Այնուհանդերձ, այս աղբյուրների տեղեկությունների իսկությունը դեռևս հնարավոր չէ ստուգել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *