Թուրքիայի պաշտպանության նախարարությունը որոշել է ձեռք բերել թուրքական արտադրության Անքա անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը՝ կազմված 10 ԱԹՍ-ից։
Համապատասխան պայմանագիրն օրերս կնքել են Թուրքիայի պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական քարտուղարությունը և «Թուրքիայի աերոտիեզերական արտադրություն» (TAI) ընկերությունը, որն էլ արտադրում է Անքա ԱԹՍ-ները։ Պայմանագրի ֆինանսական կողմի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Հայտնի է, որ անօդաչուների մատակարարումը պետք է սկսվի 2016 թվականին, տեղեկացնում է Defense News ռազմական հանդեսը։
Ավելի վաղ որոշվել էր Անքա անօդաչու թռչող սարքերը համալրել Turkish Engine Industries (TEI) ընկերության արտադրած շարժիչներով, քանի որ գերմանական Thielert ընկերությունը, որն էլ մատակարարում էր դրանք, սնանկացել և մտել չինական AVIC ընկերության կազմի մեջ՝ դադարեցնելով ռազմական պայմանագրերի կատարումը։ Այս պատճառով էլ կողմերի միջև դեռ այս տարվա սկզբին սկսված բանակցությունները դանդաղել էին, սակայն, ինչպես երևում է, հարցը հաջողվել է հարթել։
Նշենք, որ վերջերս հայտնի էր դարձել Անքայի վրա արբանյակային կապի սարք տեղադրելու մտադրության մասին, ինչպես նաև խոսվում է, թե հետագայում այն զինելու են «Ռոքեթսան» ընկերության՝ 25 կգ կշռող MAM հրթիռներով՝ վերածելով այն հետախուզական և հարվածային ԱԹՍ-ի։
Անքա հետախուզական անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվում է թուրքական TAI ընկերությունը։ ԱԹՍ-ի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2004 թվականին, երբ դրանք ստեղծելու և մշակելու պայմանագիր է ստորագրվել Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության և TAI ընկերության միջև։
Անքան առաջին թռիչքը կատարել է 2010 թվականի դեկտեմբերի 30-ին։ Ավարտական փորձարկումներն անցել է 2013 թվականի հունվարին։
Այն կարող է բարձրացնել մինչև 200 կգ զինամթերք։ Երկարությունը 8 մետր է, թևերի բացվածքը՝ 17.3 մ։
Արագությունը 217 կմ/ժ է, կարող է օդում մնալ շուրջ 24 ժամ, հետախուզություն կատարել 9 կմ բարձրության վրա։