Իրանում կախաղան են բարձրացրել 16 զինյալի իրանցի սահմանապահների վրա հարձակումից հետո

Իրանի և Պակիստանի միջև սահմանին 14 իրանցի սահմանապահների վրա հարձակվելուց և սպանելուց հետո Թեհրանը կախաղան է բարձրացրել 16 զինյալի։

Իրան. լուսանկարը՝ BBC-ի

 

Ինչպես տեղեկացնում է իրանական «Ֆարս» գործակալությունը, Սիստան-Բելուջիստանի շրջանային դատախազներից Մուհամեդ Մարզին հայտարարել է, որ իրենք մահապատժի են ենթարկել իրանցի սահմանապահների վրա հարձակում գործած խմբավորման համախոհներին, ովքեր պահվում էին իրանական բանտերում։

Թե որ խմբավորման անդամների մասին է խոսքը, չի մանրամասնվում, փոխանցում է բրիտանական BBC-ի կայքը։

Նշենք, որ իրան-պակիստանյան սահմանին արյունալի միջադեպը գրանցվել է հոկտեմբերի 25-ին։ Հարձակում գործածները, ովքեր ենթադրաբար այդ տարածքներում գործող «Ջունդալահն» ծայրահեղական խմբավորան անդամներ են, սպանել էին Պակիստանի հետ սահմանը հսկող 14 իրանցի սահմանապահի և վիրավորել ևս մի քանիսի։

Ամեն դեպքում, դեռևս որևէ խմբավորում հարձակման պատասխանատվությունը չի վերցրել իր վրա։

«Ջունդալահ» կազմակերպության անդամներ են սուննի ծայրահեղականները, որոնք ակտիվորեն գործում են Իրանի Բելուջիստան նահանգում։ Կազմակերպությունը հարձակումներն ու ահաբեկչությունները սկսել է 2003 թվականին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *