ՌԴ-ի՝ Glock-ների պատվերը վերջնականապես չեղյալ է համարվել

ՌԴ պաշտպանական պատվերների դաշնային ծառայությունը չեղյալ է հայտարարել պաշտպանության նախարարության՝ ավստրիական Glock ատրճանակների անհիմն ուռճացված արժեքով գնման հայտերը: Ավելին, ներկայում պատրաստվում են վարչական գործ հարուցել:

 

Glock-17

Glock-17

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն արդեն հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք չեն պատրաստվում գնել ավստրիական Glock ատրճանակներն անհիմն ուռճացված արժեքով։

Ընդ որում, երկրի փոխվարչապետի կարծիքով՝ ատրճանակներն ավելի շատ «արդիական են ՆԳՆ-ի, քան ՊՆ-ի համար»։

Հոկտեմբերի 25-ին «Ինտերֆաքս» լրատվական գործակալության տվյալներով՝ «Ռոսօբորոնզակազը» ոչ միայն չեղյալ է համարել հայտերը, այլև որոշում է կայացրել գործ հարուցել վարչական խախտումների առնչությամբ:

Նշենք, որ «Ռոսօբորոնպոստավկան» պատրաստվում էր ՊՆ-ի կիրառության համար գնել ընդհանուր առմամբ 71 միավոր Glock ատրճանակ՝ 71 մլն ռուբլի (897 հազար 440 ԱՄՆ դոլար) արժողությամբ: Ըստ այդմ, մեկ ատրճանակի արժեքը կազմելու էր 200 հազար ռուբլի (2528 ԱՄՆ դոլար): Եվ սա այն դեպքում, երբ այլ ուժային գերատեսչություններ դրանք գնում են 4 անգամ ավելի ցածր արժեքով:

Ավելի վաղ նշվում էր նաև զգալի ավելի բարձր գումար։ Անգամ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ «իրենք չեն պատրաստվում 7000 դոլար վճարել ատրճանակի համար»։

Նկատենք, որ ի սկզբանե ծրագրվում էր ստանալ առավելագույն լրակազմով ատրճանակ, ինչով թերևս պայմանավորված էր բարձր գինը, սակայն ավելի ուշ պատվիրատուն որոշեց պատվերից բացառել խլացուցիչն ու հավելյալ փողը: Այնուհանդերձ, անհայտ պատճառներով դա չհանգեցրեց արժեքի նվազեցմանը:

Glock ատրճանակաների գնելուց հարցը սկանդալի հանգեցրեց, երբ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին գրեց այդ մասին իր բլոգում: Նա ուղերձով դիմել էր պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ու փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին՝ ատրճանակների ուռճացված գնի մութ պատմությունը բացահայտելու կոչով: Այժմ էլ Նավալնին խոստացել է հասնել ոչ միայն վարչական, այլև քրեական գործի հարուցմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *