Հայկական կողմն առնչություն չունի «ականի վրա պայթած ադրբեջանցու» կասկածելի դեպքի հետ

Ադրբեջանական լրատվակայքերը շարունակում են լուրեր տարածել, որ հայկական կողմը «հրաժարվում է ականի վրա պայթած ադրբեջանցու դին հանձնել Ադրբեջանին»։ Ադրբեջանի ՊՆ-ն լռում է, Ադրբեջանի մամուլը ԿԽՄԿ ներկայացուցչի մեկնաբանությունը խեղաթյուրված է ներկայացնում, ուստի միջադեպը լուրջ կասկածների տեղիք է տալիս։

սահման, դիրքեր

Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական մամուլի՝ միջադեպը գրանցվել էհոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը՝ 04։00-ի սահմաններում։ Ականի պայթյունի ալիքն այնքան հզոր է եղել, որ ըստ ադրբեջանական մամուլի՝ վնասել է միանգամից 3 հոգու։ Երկուսը վիրավորվել են, սակայն կարողացել են հասնել հիվանդանոց, իսկ Ղազախի շրջանի բնակիչ Ալի Ալիևի դին, իբր, հայկական կողմում է մնացել։ Ադրբեջանական կողմը հատուկ շեշտում է՝ իբր հայ զինծառայողները կրակ են բացել Ալիևի ուղղությամբ, չեն թողել, որպեսզի վիրավոր բնակչին դուրս բերեն չեզոք գոտուց:

Հոկտեմբերի 6-ից մինչ օրս ադրբեջանական լրատվակայքերը, մասնավորապես ԱՊԱ լրատվական գործակալությունը, շարունակում են գրել՝ իբր զոհված Ալիևի դին հայկական կողմում է, հայերն էլ չեն ուզում վերադարձնել։ Այսօր էլ ՝հոկտեմբերի 22-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության հանրային կապերի բաժնի պետ Իլահա Հուսեյնովան մեկնաբանել է իրավիճակը՝ շեշտելով. «ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը շարունակում է բանակցել հարցի առնչությամբ երկու երկրների պաշտոնական գերատեսչությունների հետ՝ որպես չեզոք միջնորդ»։

Սակայն ադրբեջանական մամուլը Հուսեյնովայի խոսքերի հրապարակումները ներկայացնում է «Հայերը չեն ուզում վերադարձնել Ադրբեջանի՝ ականի վրա պայթած քաղաքացու դին» խորագրով, մինչդեռ Հուսեյնովայի ասածներում նման բան չկա։

Ռազմինֆոն իր հերթին հարցի վերաբերյալ մեկնաբանություն վերցրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց։

«Մենք փորձում ենք աջակից լինել կողմերի բանակցային գործընթացում՝ տեղանքում որոնողական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։ Այս պահի դրությամբ չունենք տեղեկություն, որ ադրբեջանցու դին հայկական կողմում է։ Հետևում ենք մեր ադրբեջանցի գործընկեր Հուսեյնովայի մեկնաբանություններին։ Հաստատում ենք նրա հաղորդած տեղեկությունները»,-շեշտեց ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի պատասխանատուն։

Ռազմինֆոյին հաջողվեց հարցի առնչությամբ զրուցել նաև ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Նա հավաստիացրեց, որ ականի պայթյունի հետ կապված ադրբեջանական պատմությունն ապատեղեկատվություն է։ «Մեզ մոտ դի չկա։ Մենք երբևէ չենք խոչընդոտել ու հիմա էլ չենք խոչընդոտում որոնողափրկարարական աշխատանքներին։ Դրանից ավել ոչինչ անել չենք կարող։ Հայկական կողմը ոչ մի առնչություն չունի այդ պատմության հետ»,-ընդգծեց պարոն Հովհաննիսյանը։

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ սեպտեմբերի 24-ին՝ երեկոյան ժամերին, ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղումմահվան ելքով դժբախտ պատահար էր գրանցվել։ Այգեձորի երիտասարդ բնակիչներից մեկը սահմանին՝ չեզոք գոտում, պայթել էր ականի վրա, բժիշկը հարկադրված էր եղել տեղում օգնություն ցույց տալ: Ադրբեջանական կողմը շուրջ մեկ ժամ ինտենսիվ կրակ էր բացել, ինչի պատճառով տուժածին կարողացել էին դուրս բերել դեպքի վայրից ավելի քան մեկ ժամ անց, և վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր:

Ադրբեջանական վերոհիշյալ կասկած հարուցող միջադեպը թույլ է տալիս ենթադրել, որ Ադրբեջանը փորձում է համանման պատմության իմիտացիա ստեղծելով կոծկել կամ ուշադրությունը շեղել Այգեձորի հայ բնակչի վրա բացված կրակի դեպքից ու իր մեղքից վերջինիս մահվան հարցում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *