[թարմացում] Հակառակորդը կրակ է բացել՝ խոչընդոտելով օգնել սահմանին ականի վրա պայթած բնակչին

Սեպտեմբերի 24-ին՝ երեկոյան ժամերին, ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղում մահվան ելքով դժբախտ պատահար է գրանցվել։

Ռազմինֆոն փաստի առնչությամբ մեկնաբանություն է վերցրել հարևան սահմանամերձ Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանից։

Տավուշի մարզ, հայ-ադրբեջանական սահման

Տավուշի մարզ, հայ-ադրբեջանական սահման

«Իմ համայնքը չէ, բայց գիտեմ, որ գիշերն Այգեձորի երիտասարդ բնակիչներից մեկը գնացել է խոզերը հետ բերելու ու սահմանին ականի վրա պայթել է, վիրավորվել, կյանքը փրկել չի հաջողվել»,_վկայել է պարոն Սաղոյանը։

Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը Ռազմինֆոյի հետ զրույցում մանրամասնել է, որ մահացածը գյուղի 26-ամյա բնակիչ Էդուարդ Անդրանիկի Դալլաքյանն է։ Նա ամուսնացած է, կինն էլ հղի է։ Գիշերվա ժամերին մտել է անտառ, որպեսզի խոզերին հետ բերի։ Սահմանին պայթել է ականի վրա, վնասել է ծունկն ու թևը։ Վիրավոր ընկել է սահմանից 30 մ ներքև տարածքում։ Գյուղապետի խոսքերով՝ բժիշկը հասել է դեպքի վայր, իջել է վիրավորի մոտ, որպեսզի տեղում անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տա։

«Հակառակորդը վիրավորի ուղղությամբ 30-40 րոպե ինտենսիվ կրակ է բացել, չի թողել, որ դուրս բերենք տղային։ Մոտ մեկ ժամ անց վերջապես հաջողվել է նրան դուրս բերել, բայց ստացած վնասվածքներից հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է»,-շեշտել է գյուղապետը։

[թարմացում]ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության համաձայն՝ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 17։00-ին, ոստիկանության Տավուշի բաժին է ահազանգել Այգեձոր գյուղի բժիշկն ու հայտնել, որ նույն գյուղի բնակիչ, 1987-ին ծնված Էդվարդ Դալլաքյանը գյուղին պատկանող «Նավթազի բալան» կոչվող հանդամասում ականի վրա պայթելու հետևանքով, ստացել է «աջ ոտքի միջծնկային հատվածի տրավմատիկ ամպուտացիա» վնասվածք և մահացել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *