3 ադրբեջանցու՝ ականի վրա պայթելու կասկածելի միջադեպի շուրջ

Հոկտեմբերի 6-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես՝ «Անս Պրեսս» լրատվակայքը, տեղեկացրել էին, որ Ադրբեջանի Ղազախի շրջանի՝ Հայաստանի հետ սահմանամերձ Մեզեմ գյուղի երեք բնակիչ պայթել է ականի վրա հայ-ադրբեջանական սահմանին:

 

Այսօր արդեն՝ հոկտեմբերի 7-ին, նույն ադրբեջանական կայքերը գրում են ոչ թե Մեզեմ, այլ Ղուշչու Այրըմ գյուղի բնակիչ Վեզիր Ալիևի, Ալփոուդ գյուղի բնակիչներ Հագանի Մաղերրամովի ու նույն շրջանից Ալի Ալիևի մասին։

Ընդ որում, ադրբեջանական «Վեստի.ազ» կայքն էլ, Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությանը հղում տալով, ներկայացնում է խիստ կասկածելի մի պատմություն. իբր Ալի Ալիևը փախստական է, ժամանակին բնակվել է Հայաստանում, մեկնել է իր ընկեր Վեզիր Ալիևի տուն, հայտնել ոչխարների իր հոտի կորստի մասին, և նրանք, իրենց հետ վերցնելով Հագանի Մաղերրամովին, միասին ուղևորվել են դեպի սահման՝ հայկական Ոսկեպար գյուղի ուղղությամբ։ Միջադեպը գրանցվել է հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը՝ 04։00-ի սահմաններում։ Ականի պայթյունի ալիքն այնքան հզոր է եղել, որ ըստ ադրբեջանական մամուլի՝ վնասել է միանգամից 3 հոգու։ Երկուսը վիրավորվել են, սակայն ինչ-որ հրաշքով հասել են հիվանդանոց, իսկ Ալի Ալիևի դին, իբր, հայկական կողմում է մնացել։ Ադրբեջանական կողմը հատուկ շեշտում է՝ իբր հայ զինծառայողները կրակ են բացել Ալիևի ուղղությամբ, չեն թողել, որպեսզի վիրավոր բնակչին դուրս բերեն չեզոք գոտուց:

Ինչպես տեսնում ենք, այս խճճված պատմությունը հակասական տպավորություն է թողնում։ Նախ նշված Ղուշչու Այրըմ գյուղը Ղազախի շրջանում է՝ ՀՀ Տավուշի մարզին սահմանակից, իսկ Ալփոուդ գյուղը Բարդայի շրջանում է, որն էլ սահմանակից է Մարտակերտի շրջանին։ Անտրամաբանական է, որ Բարդայի շրջանից այդքան երկար ճանապարհ կտրելով՝ 2 բնակիչ գային հյուր՝ տանտիրոջ ոչխարի հոտը սահմանամերձ գոտում փնտրելու, այն էլ՝ գիշերվա ուշ ժամի։ Հատկանշական է, որ ադրբեջանական կայքերը սկզբում գրում են Բերքաբերին սահմանակից Մեզեմ գյուղի, ապա երկու լիովին այլ գյուղերի մասին։

Ներկա դրությամբ հայտնի է, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) Ադրբեջանի գրասենյակի հանրության հետ կապերի վարչության պետ Իլահ Հուսեյնովը վկայել է՝ բանակցություններ են տարվում հայկական կողմի հետ, «ԿԽՄԿ ներկայացուցիչները Ղազախի շրջանում են, ուսումնասիրում են դեպքի վայրը»։ Չի հստակեցվում՝ արդյոք Ալի Ալիևը իրականում մահացել է միջադեպի վայրում, ոչ մի խոսք չկա նաև դին հետ վերցնելու մասին։

Մեկնաբանություններ ստանալու նպատակով Ռազմինֆոն փորձեց կապ հաստատել ԿԽՄԿ Երևանյան գրասենյակի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը մեզ հետ զրույցում իր հերթին խոստովանեց, որ «ինքը ոչ մի տեղեկություն չունի, միգուցե դեպքն իրենց գյուղի մոտ չի գրանցվել»։ Մեզ առայժմ չի հաջողվել պաշտոնական հաստատում ստանալ նաև ՀՀ ՊՆ-ից։

Այնուհանդերձ, ադրբեջանական լրատվամիջոցների և ՆԳՆ-ի վարկածը, ինչպես կարելի է տեսնել, բավականին կասկածելի է։ Ադրբեջանի ՊՆ-ն էլ այս պահի դրությամբ չի արձագանքել միջադեպին։

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ սեպտեմբերի 24-ին՝ երեկոյան ժամերին, ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղում մահվան ելքով դժբախտ պատահար էր գրանցվել։ Այգեձորի երիտասարդ բնակիչներից մեկը սահմանին՝ չեզոք գոտում, պայթել էր ականի վրա, բժիշկը հարկադրված էր եղել տեղում օգնություն ցույց տալ: Ադրբեջանական կողմը շուրջ մեկ ժամ ինտենսիվ կրակ էր բացել, ինչի պատճառով տուժածին կարողացել էին դուրս բերել դեպքի վայրից ավելի քան մեկ ժամ անց, և վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր:

Ադրբեջանական վերոհիշյալ կասկած հարուցող միջադեպը  թույլ է տալիս ենթադրել, որ Ադրբեջանը փորձում է համանման պատմության իմիտացիա ստեղծելով կոծկել կամ ուշադրությունը շեղել Այգեձորի հայ բնակչի վրա բացված կրակի դեպքից ու իր մեղքից վերջինիս մահվան հարցում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *