Բելառուսի նախագահն Իլհամ Ալիևի հետ ռազմական համագործակցության հարցեր է քննարկելու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է՝ մտադիր է առաջիկայում մեկնել Ադրբեջան՝ Իլհամ Ալիևի հետ էներգետիկայի ու ռազմական համագործակցության վերաբերյալ մանրամասներ քննարկելու։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո

Այս տեղեկության աղբյուրը բելառուսական «ԲԵԼՏԱ» լրատվական գործակալությունն է։ «ԲԵԼՏԱ»-ի թղթակիցը վկայում է, որ Լուկաշենկոն ասել է. «Բելառուսն ու Ադրբեջանը փակ թեմաներ չունեն։ Չնայած որ մենք ՀԱՊԿ-ում ենք, Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն ենք վերահաստատում»։

Ըստ գործակալության թղթակցի՝ Լուկաշենկոն շնորհավորել է Իլհամ Ալիևին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով։

«Ես նրան սպասում եմ Մինսկում։ Այնտեղ Ալիևի հետ կխոսենք մի քանի խնդրահարույց հարցերի շուրջ, դա կլինի Ադրբեջան կայանալիք իմ այցին նախորդող նախնական զրույց։ Երբ այցելեմ Բաքու, մեր երկխոսությունը տարբեր ուղղություններով է ընթանալու՝ ռազմատեխնիկական համագործակցությունից մինչև էներգետիկայի հարցեր»,-հավելել է Բելառուսի նախագահը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններին միջազգային, մասնավորապես՝ ԵԱՀԿ և ԱՄՆ դիտորդները, բացասական գնահատական են տվել՝ շեշտելով, որ դրանք ընթացել են կոպիտ խախտումներով։

Հիշեցնենք, որ 2008-ի դեկտեմբերին բելառուսական «Տետրաէդր» ընկերությունը Ադրբեջանի ԶՈւ-ի հետ առաջին պայմանագիրն էր կնքել 27 միավոր Ս-125Մ զենիթահրթիռային համակարգերը (ԶՀՀ) «Պեչորա-2ՏՄ»-ի փոխակերպելու համար: 2009-ի հունվարին «Տետրաէդր» ընկերությունը հայտնել էր, որ իրականացնում է երեք պայմանագիր՝ 80 համալիր «Օսա-ԱԿ/ԱԿՄ» արդիականացնելու համար: Այս նպատակով ընկերությունն Ադրբեջանում համատեղ ձեռնարկություն էր հիմնել: Ադրբեջանական կողմից Սումգայիթում տեղակայված ձեռնարկության համահիմնադիր էր դարձել «Ազէյրտեխսերվիս» ընկերությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *