Ամերիկացիները գնում են 24 միավոր Reaper անօդաչու թռչող սարք

ԱՄՆ ԶՈւ-ն նախատեսում է գնել 24 միավոր Reaper (Ռիփեր) անօդաչու թռչող սարքերի MQ-9 Block 5 արդիականցված տարբերակներ՝ ընդհանուր առմամբ ծախսելով 377,4 մլն ԱՄՆ դոլար։

Այս նպատակով ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել General Atomics (Ջեներալ Աթոմիքս) ընկերության հետ:

Պայմանագրի համաձայն՝ արտադրող ընկերությունը 24 միավոր անօդաչու թռչող սարքերը ԱՄՆ ՌՕՈւ՝ Օհայո նահանգում տեղակայված «Ռայթ-Փաթերսոն» ավիաբազային կհանձնի մինչև 2016-ի հուլիս։

MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը

MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը

Reaper-ն ամերիկյան հետախուզա-հարվածային, բազմաթիրախային անդօաչու թռչող սարք է։ Ունի սպառազինության 6 կախման կետ, որոնց միջոցով կարող է տեղափոխել մինչև 14 AGM-114 Hellfire (Հելֆայր) հրթիռներ կամ այլ սպառազինություն։

Առաջին թռիչքը կայացել է դեռևս 2001-ին։ Սարքի թռիչքի արագությունը 400 կմ/ժ է, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 13 կմ։ ԱԹՍ-ն օդում կարող է աշխատել մինչև 24 ժամ ու անցնել մոտ 5920 կմ։ Լրիվ մարտական զանգվածը 4760 կգ է 1700 կգ բեռնատարողությամբ։

ԱՄՆ ՌՕՈւ տրամադրվելիք Block 5 տարբերակը ԱԹՍ-ի նորագույն արդիականացումն է։ Սրա զանգվածը հասցվել է 5,3 տոննայի, իսկ օդում գտնվելու ժամանակը՝ 37 ժամի։ Նոր արդիականացումը նախագծվել է 2012-ին։

Ներկայումս MQ-9 Reaper ԱԹՍ-ները մտնում են ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Թուրքիայի ու Ֆրանսիայի զինված ուժերի սպառազինության մեջ։ ԱԹՍ-ի մեկ միավոր գինը մոտավորապես 16,9 մլն ԱՄՆ դոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *