ԱԳ նախարարը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Ինջիղուլյանի հարցը

Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության նորանշանակ ղեկավար Սարա Էպրեխտին, ում հետ քննարկեց նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, շնորհավորելով Սարա Էպրեխտին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան նոր պաշտոնում:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի մարդասիրական գործունեությունը և Հայաստանի հետ համագործակցությունը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ԿԽՄԿ գործունեության բարձր գնահատականի համար Սարա Էպրեխտին վստահեցրեց, որ կազմակերպությունը շարունակելու է իր չեզոք մարդասիրական գործունեությունը։

Արտգործնախարարի խոսքերով դրվատանքի է արժանի կազմակերպության Արցախի հակամարտության հետ առնչվող մարդասիրական օժանդակությունը, մասնավորապես՝ անհետ կորածների որոնման և ռազմագերիների վերադարձի հարցերում։ Այս կապակցությամբ նախարար Նալբանդյանը հատուկ նշեց Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի ազատ արձակմանն ուղղված ջանքերի ակտիվացման կարևորությունը:

Արտգործնախարարը պատրաստակամություն հայտնեց շարունակել Հայաստանի ակտիվ փոխգործակցությունը ԿԽՄԿ-ի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *