Ռումինիան կարտադրի շուրջ 10.000 մեքենա, որոնց մի մասը կլինեն Sherpa Light թեթև զրահամեքենաներ։ Մեքենաների արտադրության վերաբերյալ պայմանագիրը կնքվել է ֆրանսիական Renault Trucks Défense ու ռումինական ռազմարդյունաբերական MFA Mizil ընկերությունների միջև։
Պայմանագրի համաձայն՝ ռումինական ընկերությունը ֆրանսիական կողմի տրամադրած սարքավորումներով պատրաստվում է արտադրել 4×4 ընթացամասով Sherpa light թեթև զրահամեքենաներ, 6×6 ընթացամասով Kerax բեռնատարներ ու Midlum հրշեջ մեքենաներ։
Ռումինական առաջին Sherpa light զրահամեքենան, Kerax ու Midlum մեքենաները
Արտադրվելիք մեքենաները կծառայեն ինչպես Ռումինիայի զինված ուժերին, այնպես էլ ազգային անվտանգության ու հրշեջ ծառայություններին։ Նախատեսված է, որ առաջիկա 20 տարիների ընթացքում ռումինական ընկերությունը Միզիլ քաղաքում կարտադրի շուրջ 10.000 միավոր տեխնիկա։ Սակայն չի հստակեցվում, թե դրա որ բաժինը կլինեն զրահամեքենաներ։
Արդյունաբերական համալիրի ստեղծման ու մեքենաների արտադրության մասին պայմանավորվածությունը MFA Mizil ու Renault Trucks Défense ընկերությունների միջև ձեռք է բերվել դեռևս ընթացիկ տարվա ապրիլին։ Արտադրվելիք մեքենաների առաջին օրինակները ներկայացվել են 2013-ի սեպտեմբերի 26-29 Ռումինիայում անցկացված Expomil ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։ Այդ օրինակների մասերը տրամադրել էր ֆրանսիական ընկերությունը, իսկ հենց մեքենաները հավաքվել էին ռումինական ընկերության կողմից։
Sherpa Light ֆրանսիական զրահամեքենան առաջին անգամ ներկայացվել է 2006-ին։ Անձնակազմը 4 կամ 5 հոգի է, զանգվածը 7,7-ից 9,8 տոննա, կարող է կրել մինչև 4 տոննա բեռ։ Մեքենայի վրա դրված է 215 ձիաուժանոց շարժիչ, որի միջոցով մեքենան կարողանում է զարգացնել 110-120 կմ/ժ արագություն։ Ներկայումս Sherpa Light մեքենաներով սպառազինված են Եգիպտոսի, Ինդոնեզիայի ու մասամբ ճանաչված Կոսովոյի զինված ուժերը։