Թուրքիան մի քանի անգամ կործանիչներ է մոտեցրել Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան մի քանի անգամ կործանիչներ է օդ բարձրացրել և մոտեցրել թուրք-սիրիական սահմանին, երբ Սիրիայի տարածքում ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ են թռիչքներ կատարել։

F-16. Թուրքիայի ՌՕՈւ

F-16. Թուրքիայի ՌՕՈւ

Մասնավորապես, միայն հոկտեմբերի 15-ին Թուրքիայի զինված ուժերը 3 անգամ օդ է բարձրացրել F-16 կործանիչներ։ Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած պաշտոնական հաղորդագրությունից։

Հոկտեմբերի 15-ին տեղի ժամանակով 07։50-ին (երևանյան ժամանակով՝ 08։50) Ինջիրլիքի ռազմաբազայից օդ են բարձրացվել թուրքական օդուժի 2 միավոր F-16 կործանիչներ, երբ Սիրիայի տարածքում՝ թուրքական Հաթայ (Ալեքսանդրեթ) նահանգի մոտակայքում թռիչք է կատարել Սիրիայի զինված ուժերի Մի-17 ուղղաթիռը։ Սիրիական ուղղաթիռը Թուրքիայի հետ սահմանից 5 կմ հեռավորությունից հետո սկսել է հեռանալ, ինչից հետո թուրքական կործանիչներն առանց միջադեպերի հեռացվել են սահմանային գոտուց, ապա շուրջ 2 ժամ պարեկային թռիչք կատարելուց հետո իջեցվել են, ինչից հետո օդ են բարձրացվել ևս 2 F-16է՝ շարունակելու հսկողությունը:

Թուրքական կործանիչները, որոնք այս անգամ օդ են բարձրացվել Դիարբեքիրից, ևս մեկ անգամ մոտեցել են Սիրիայի հետ սահմանին Այնթափ-Հաթայ սահմանագծի ուղղությամբ, երբ կեսօրին մոտ սիրիական տարածքում թռիչքներ է իրականացրել Սիրիայի ՌՕՈւ Սու-24 ինքնաթիռը։ Այս դեպքում ևս միջադեպեր չեն գրանցվել, և սիրիական ինքնաթիռի հեռանալուց հետո 2 միավոր թուրքական F-16 կործանիչները հեռացվել են սահմանային գոտուց։

Մի քանի ժամ անց Մերզիֆոնից թուրքական կործանիչներ են օդ բարձրացվել, երբ կրկին թուրք-սիրիական սահմանի մոտակայքում սիրիական Մի-17 ուղղաթիռ է նշվարվել։ Այս դեպքում ևս միջադեպեր չեն գրանցվել։

Նշենք, որ նման իրավիճակը պահպանվում է Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանին այն բանից հետո, երբ թուրքական կողմը վայր գցեց սիրիական ուղղաթիռը։

Մասնավորապես, սեպտեմբերի 16-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները հարվածել էին Սիրիայի զինված ուժերի Մի-17 բեռնատար ուղղաթիռին, որը պատահաբար հատել էր Թուրքիայի օդային տարածքը՝ թուրք-սիրիական սահմանին մոտ շրջաններում հետախուզություն իրականացնելիս։ Սիրիան հաստատել է, որ ուղղաթիռը պատահաբար է հատել Թուրքիայի տարածք, այն վերադառնում էր, երբ թուրքերը կրակ էին բացել, իսկ դրանում որևէ վտանգավոր զենք չի եղել։

Հավելենք նաև, որ Թուրքիայի կառավարությունը Սիրիա լիարժեք ներխուժման հիմնական կողմնակիցներից է։ Սիրիական քաղաքացիական պատերազմի սկզբից պաշտոնական Անկարան համակողմանի աջակցություն է ցուցաբերում այդ երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *