Սիրիական ուղղաթիռը պատահմամբ է հատել Թուրքիայի օդային տարածքը

Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ թուրքական կործանիչների կողմից վայր գցված սիրիական ուղղաթիռը պատահմամբ է հատել Թուրքիայի օդային տարածքը։

Մի-17-ի կործանման վայրը

Մի-17-ի կործանման վայրը

Ըստ սիրիական «ՍԱՆԱ» պետական գործակալության՝ երկրի ԶՈւ հայտարարությունում նշվում է, որ Մի-17 ուղղաթիռը տեղանքում հետախուզական գործողություն էր իրականացնում, որպեսզի հետևեր ահաբեկիչների տեղաշարժին սահմանային գոտում։

«Ուղղաթիռը պատահմամբ է մտել Թուրքիայի օդային տարածք, և երբ փորձել է հեռանալ, թուրքական ինքնաթիռները հարվածել են ուղղաթիռին և վայր գցել այն Սիրիայի տարածքում։

Թուրքական ինքնաթիռները հարվածել են սիրիական ուղղաթիռին, երբ այն արդեն պտտվել էր և հետ էր վերադառնում։ Այն չէր կրում որևէ վտանգավոր զենք կամ զինամթերք։
Սա կրկին ցույց է տալիս Էրդողանի կառավարության իրական նկրտումները, որը փորձում է լարվածություն ստեղծել թուրք-սիրիական սահմանին»,-նշված է Սիրիայի զինված ուժերի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ըստ թուրքական կողմի` Սիրիայի զինված ուժերի ուղղաթիռն առաջացել է դեպի Թուրքիայի տարածք տեղի ժամանակով 13:40-ի սահմաններում (երևանյան ժամանակով 14:40-ին): 45 րոպե անց ուղղաթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք և 2 կմ խորացել Հաթայ նահանգի (Ալեքսանդրեթ) Յայլադաղ շրջան, որտեղ Գյուվեչչի սահմանային հենակետն է տեղակայված:

Թուրքական զինուժի Միացյալ վերահսկողական ազդանշանային կենտրոնի զգուշացումից հետո Դիարբեքիրի ավիաբազայից օդ են բարձրացվել է 2 F-16 կործանիչ, որոնք 14:27-ին հարված են հասցրել Մի-17-ին:

Ուղղաթիռը վայր է ընկել Սիրիայի տարածքում` Թուրքիայի սահմանից 1 կմ հեռավորության վրա:

Թուրքիան վերջին շաբաթներին Սիրիայի հետ սահմանին կուտակում է անձնակազմ, զրահատեխնիկա, հրետանի, ինչպես նաև ուժեղացնում ՀՕՊ համակարգը և պաշտպանական կառույցները։ Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Հաթայ նահանգում թուրքական կողմը ռազմաբազա է կառուցում։

Թուրքիայի կառավարությունը Սիրիա լիարժեք ներխուժման հիմնական կողմնակիցներից է։ Սիրիական քաղաքացիական պատերազմի սկզբից պաշտոնական Անկարան համակողմանի աջակցություն է ցուցաբերում այդ երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալներին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների համար Սիրիային հնարավոր հարված հասցնելուն առիթ է ծառայել օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա շրջանում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Արևմտյան տերությունները քիմիական հարձակման պատասխանատու են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտոնական Դամասկոսը, ինչպես նաև Մոսկվան, հերքում են սիրիական կառավարության մասնակցությանը միջադեպին՝ դրանում մեղադրելով Ասադի հակառակորդ զինյալներին։

One response to “Սիրիական ուղղաթիռը պատահմամբ է հատել Թուրքիայի օդային տարածքը

  1. Pingback: Թուրքիան մի քանի անգամ կործանիչներ է մոտեցրել Սիրիայի հետ սահմանին | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *