Թուրքիան հրետակոծել է Սիրիայի տարածքը

Թուրքիան հրետակոծել է Սիրիայի տարածքը, երբ զինյալների կողմից վերահսկվող սիրիական տարածքից թուրքական կողմի ուղղությամբ ականանետից կրակ է արձակվել։ Հոկտեմբերի 15-ին կեսօրին մոտ Սիրիայի այն հատվածից, որը վերահսկվում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման կողմից, Թուրքիայի ուղղությամբ ականանետից կրակ է արձակվել։ Ականը պայթել է Ազազի շրջանի Փարսա լեռան մոտակայքում։ Միջադեպի հետևանքով թուրքական կողմում տուժածներ և ավերածություններ չեն եղել։

T-155 Firtina. Թուրքիայի ԶՈւ

T-155 Firtina. Թուրքիայի ԶՈւ

Թուրքիայի զինված ուժերն ի պատասխան T-155 Ֆըրթընա հաուբիցներով 4 անգամ կրակ է արձակել Սիրիայի ուղղությամբ, փոխանցում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական կայքը։

Սիրիական կողմի հնարավոր տուժածների և ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չկան։

Նշենք, որ վերջին շրջանում սրվել է պաշտոնական Անկարայի և Սիրիայում գործող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման միջև հարաբերությունները։

Թեև նախկինում բազմիցս նշվում էր, որ թուրքական կողմը, ի թիվս Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդ  «ալ Նուսրայի ճակատ», «Սիրիական ազատ բանակ» խմբավորումների, ակտիվորեն աջակցում է նաև «Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը», սակայն վերջին շրջաններում թուրքական իշխանությունների ու կազմակերպության ղեկավարների միջև տարաձայնություններ կան, ինչն արտահայտվում է նաև Թուրքիայի կողմից Բաբ ալ Հավա և Բաբ ալ Սալամահ սահմանային անցակետերը փակելով։

Այս անցակետերը սիրիական հատվածում վերահսկվում են հենց «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման կողմից, որն էլ դրանք չբացելու դեպքում հոկտեմbերի սկզբին սպառնացել էր Թուրքիայում ահաբեկչությունների շարք իրականացնել։

Նշենք, որ սիրիական հակամարտության ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ սահմանային միջադեպերից հետո Թուրքիան հրետակոծության է ենթարկում Սիրիայի տարածքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *