Կանադական ընկերությունը դասընթացներ կանցկացնի Ադրբեջանի ՌԾՈւ-ի համար

Allen Vanguard կանադական ընկերությունը հատուկ դասընթացներ է անցկացնելու Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի անձնակազմի հետ։

 Այս մասին հաղորդում են ընկերության պաշտոնական կայքն ու washingtontechnology.com լրատվակայքը։

Համաձայն այս աղբյուրների՝ դասընթացներն անցկացվելու են Պենտագոնի և կանադական ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում։ Ընդ որում, Allen Vanguard-ի հետ պայմանագիրը կնքվել էր, երբ վերջինս հաղթող էր ճանաչվել Ադրբեջանի ու Լեհաստանի ռազմածովային ուժերի աջակցման, ԱՄՆ-ի կողմից նախապես հայտարարված մրցույթում։

2,8 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիրը ենթադրում է, որ Ադրբեջանի ԶՈւ անձնակազմի համար Բաքվում երկու փուլով 20-շաբաթյա դասընթացներ կկայանան։ Դրանց հիմնական նպատակը լինելու է Կասպից ծովի ադրբեջանական հատվածի ականազերծման ճիշտ կազմակերպման ուսուցումը։ Դրանց շրջանակներում նախատեսված են նաև ջրասույզների ու տեսուչների վերապատրաստման դասեր։ Դասընթացը ներառելու է ականազերծման նախագծման, կազմակերպման, գործընթացի կառավարման կուրսեր։

Համաձայն ադրբեջանական կայքերի՝ դասընթացի անցկացումն ԱՄՆ ՌԾՈւ-Ադրբեջան ռազմական համագործակցության ծրագրերից մեկն է։

Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 3-ին հայտնի էր դարձել՝ Ադրբեջանը Allen Vanguard կանադական ընկերությունից ձեռք է բերել պայթուցիկ սարքերի վնասազերծման սարքավորումներ։

Allen Vanguard-ը մասնագիտացած է ականների հայտնաբերման, պայթուցիկ սարքերի վնասազերծման սարքավորումների և պաշտպանիչ հանդերձավորումների արտադրանքի բնագավառում։ Նրա մշտական գնորդների շարքում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և այլ երկրների իրավապաշտպան մարմինները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *