ՌԴ և ԱՄՆ հատուկ նշանակության ծառայությունների ստորաբաժանումների երկրորդ համատեղ զորավարժությունները, որոնք պետք է որ անցկացվեին ընթացիկ տարվա աշնանը Մոսկվայի մերձակայքում, չեղյալ են հայտարարվել ամերիկյան կողմի խնդրանքով։
Հոկտեմբերի 3-ին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությանն այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈւ հատուկ գործողությունների 10-րդ խմբի ներկայացուցիչ, մայոր Արամ Դոնիջյանը։
Նա մանրամասնել է, որ նույն ժամանակահատվածում ամերիկյան «զինվորներն ու սպաները պետք է այլ խնդիրներ լուծեն»։
«Մենք ցավում ենք, որ չենք կարողանալու մասնակցել, քանի որ դա լավ հնարավորություն էր համատեղ բազմազգ կազմով ռազմական գործողությունների պատրաստման համար։ Դեռևս չկա ընդունված որոշում զորավարժությունը գալիք տարի հետաձգելու վերաբերյալ։ Այնուհանդերձ, ՌԴ օդադեսանտային ստորաբաժանումների հետ մեր համատեղ միջոցառումները, կարծում ենք, ապագայում ավելի հաճախակի կդառնան։ Դա կարևոր է համաշխարհային անվտանգության պահպանման մեր միասնական պարտավորությունների շրջանակներում»,_ասել է Դոնիջյանը։
Հիշեցնենք, որ 2012-ի մայիսին ԱՄՆ Կոլորադո նահանգի Ֆոնտ-Կարսոն ռազմաբազայում կայացան ՌԴ և ԱՄՆ դեսանտի և հատուկ նշանակության ծառայության առաջին համատեղ վարժանքները։ Երկու կողմն էլ բարձր գնահատական տվեց զորավարժություններին։ Ռուսական դեսանտային ուժերի ներկայացուցիչը վկայել է՝ զորավարժություններն ապացուցեցին, որ երկու երկրների ղեկավարության համապատասխան որոշման ու անհրաժեշտության դեպքում ՌԴ-ն ու ԱՄՆ-ն կարող են միացյալ հակաահաբեկչական արդյունավետ գործողություններ իրականացնել։
Հավելենք, որ Ֆորտ-Կարսոնում կայացած վարժանքները տևել են ավելի քան 2 շաբաթ, դրանց մասնակցել է ընդհանուր առմամբ շուրջ 50 զինծառայող։ Ծրագրվում էր, որ կայանալիք զորավարժությունները ՌԴ տարածքում կհանդիսանան ԱՄՆ զինծառայողների պատասխան այցը, սակայն, ինչպես տեսնում ենք, դրանք հետաձգվել են անորոշ ժամկետով։