Ադրբեջանը կարող է ռադիոտեխնիկական հետախուզման կայան ստանալ

Ուկրաինան և Ադրբեջանը պայմանագիր են կնքել Դոնեցկի պաշտպանական-ռազմական «Տոպազ» գործարանի կողմից թողարկվող արտադրանքի տրամադրման շուրջ։

ռադիոտեխնիկական հետախուզության «Կոլչուգա» կայան

ռադիոտեխնիկական հետախուզության «Կոլչուգա» կայան

Ուկրաինական ռազմական mil.in.ua պորտալը չի բացառում, որ Ադրբեջանին տրամադրվելիք արտադրանքը ռադիոտեխնիկական հետախուզության, խորհրդային-ուկրաինական արտադրության «Կոլչուգա» կայանն է, որի սերիական արտադրությունը սկսվել է 1987-ին։
Այս տեխնիկան, ըստ աղբյուրի, կարող է հայտնաբերել ու ճանաչել վերգետնյա, օդային ու վերջրյա թիրախների՝ միաժամանակ մնալով աննկատելի։ Աշխատելով տրոպոսֆերային տարածման սկզբունքով՝ «Կոլչուգան» ունակ է առանց ռադիոալիքներ արձակելու թիրախներ հայտնաբերել, տեղեկացնում է AnalitikaUA.net. կայքը։
Կայանը կազմված է 3 մասից։ Այն կարող է հետևել նաև թիրախի շարժին, կանխորոշել վերգետնյա թիրախի կոորդինատները մինչև 600 կմ խորության և մինչև 150 կմ ճակատով, իսկ օդայինինը՝ 10-800 կմ բարձրության վրա։
Ռադիոտրակտի զգայունությունը կազմում է 110-155 դԲ/Վտ համայնապատկերային տեսադաշտի գոտում։ Դա ապահովվում է 5 ալեհավաքային համակարգերով, որոնք նախատեսված են ամենատարբեր՝ մետրային, դեցիմետրային ու սանտիմետրային երկարության ալիքների համար։
Հավելենք, որ այս հետախուզական կայանը կիրառվում է ՌԴ, Ուկրաինայի, Վիետնամի, Վրաստանի, Թուրքմենստանի, Չինաստանի, Եթովպիայի զինված ուժերում։
Այնուհանդերձ, ադրբեջանական պաշտոնական աղբյուրները որևէ կերպ դեռևս չեն մեկնաբանել «Կոլչուգա»-ի վերաբերյալ կնքված պայմանագրի մասին տեղեկությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *