Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է Ադրբեջանում Հունաստանի դեսպան Դիմիտրիոս Ցոունգասին։
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության՝ Սաֆար Աբիևը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով Հունաստանի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության կարևորությունը։
Համաձայն նույն աղբյուրի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հերթական անգամ դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներից։ Նրա խոսքերով, եթե Մինսկի խումբը «չակտիվացնի գործողություններն Արցախյան հակամարտության լուծման ուղղությամբ, ապա ադրբեջանական բանակը հարկադրված կլինի գործի անցնել»։
Հիշեցնենք, որ Սաֆար Աբիևը գրեթե բոլոր պաշտոնական հանդիպումներին համանման, շատ դեպքերում՝ նույն բառերով ռազմատենչ մտքեր է արտահայտում, որոնք ունեն նախ և առաջ քարոզչական գործառույթ։
Դեռևս հուլիսի 12-ին Հարավային Կորեայի Ազգային ժողովի պատվիրակությանն ընդունելիս Աբիևը առիթը բաց չի թողել հերթական անգամ Արցախի հարցը բարձրացնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից բողոքելու, ինչն էլ իբր «հարկադրում է Ադրբեջանին հզորացնել իր ռազմական ներուժը»։ Այս հայտարարությունները միանշանակ չէին ընդունվել անգամ Ադրբեջանում։ Ադրբեջանի ռազմական փորձագետներից մեկը՝ Յաշար Ջաֆարլին, շեշտել էր՝ նման մտքեր արտահայտելու փոխարեն՝ Սաֆար Աբիևը լավ կաներ՝ հրաժարական տար, քանի որ միայն այդ պարագայում Ադրբեջանի ԶՈւ-ում դրական փոփոխություններ կսկսվեն։