ՌԴ իշխանությունները համաձայնության են եկել Ղրղզստանի ու Տաջիկստանի հետ այս պետություններին որպես ռազմատեխնիկական օգնություն տրվող սպառազինության և ռազմական տեխնիկայի նոմենկլատուրայի շուրջ։
Համաձայն ռուսական «Կոմերսանտ» թերթի հաղորդած տվյալների՝ ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է՝ ավելի մեծ քանակի ռազմական օգնություն կստանա Ղրղզստանը։
Երկու երկրներին ցուցաբերվող օգնության ծավալն ընդհանուր առմամբ կազմելու է 1,3 մլրդ ԱՄՆ դոլար, որից 1,1 մլրդը ստանալու է Ղրղզստանը։ Վերջինիս ՌԴ-ն կտրամադրի ուղղաթիռներ, զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, համազարկային կրակի 9Կ57 «Ուրագան» համակարգեր, հրետանային համակարգեր, ինքնաձիգեր, կապի ու հետախուզության միջոցներ։ Գերասիմովի խոսքերով՝ Ղրղզստանը, ելնելով իր աշխարհագրական դիրքից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ցամաքային զորքերի տեխնիկայի նկատմամբ։
Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Հայրուլլոևը հայտարարել է, որ Դուշանբեին օգնություն կհատկացվի ավիացիոն տեխնիկայի, հրետանային համակարգերի, զենիթահրթիռային համակարգերի, ինքնաձիգերի, կապի միջոցների տեսքով։ Բացի այդ, հնարավոր է՝ ընդլայնվի ՌԴ բուհերում տաջիկ զինծառայողների անվճար վերապատրաստման ծրագիրը։
Նշենք, որ Ղրղզստանին ու Տաջիկստանին Ռուսաստանը կարող է տրամադրել ինչպես նոր, այնպես էլ օգտագործված ռազմական տեխնիկա։ Տրամադրվող ռազմական տեխնիկայի նոմենկլատուրան դեռևս վերջնական չի համաձայնեցվել։ Մասնավորապես, Ղրղզստանին հատկացվելիք ռազմական տեխնիկայի ցուցակում հավանական է թիկունքային ապահովման հավելյալ տեխնիկայի ընդգրկումը։ Տրամադրման գործընթացը կարող է սկսվել 2013-ի վերջին։
Աղբյուրը Ռուսաստանի այս քայլը բնորոշում է՝ որպես 2014-ին ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանից զորքերը դուրս բերելու նախօրեին սեփական անվտանգության ամրապնդում։
Հավելենք, որ Դուշանբեին ու Բիշքեքին օգնություն տրամադրելու ռուսական մտադրության մասին հայտնի էր դեռևս 2012-ի նոյեմբերին։ Սակայն բանակցությունները երկարաձգվում էին, քանի որ ստացող կողմերը չէին կատարում պայմանավորվածության շրջանակներում ստանձնած իրենց պարտավորությունները։
Հիշեցնենք, որ Ղրղզստանում ու Տաջիկստանում տեղակայված են ռուսական ռազմական բազաները, որոնց համար ռուսական կողմն ուղիղ վճարում չի կատարում, այլ օգնություն է ցուցաբերում երկու երկրներին ռազմական տեխնիկայի տեսքով։ Ընդ որում, Ղրղզստանն ու Տաջիկստանը բազմիցս ակնարկել են գումարային վճարում ստանալու շահավետության մասին։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ռուսական բազան Ղրղզստանում կմնա մինչև 2032-ը, իսկ Տաջիկստանում՝ մինչև 2042-ը։
One response to “ՌԴ-ն Տաջիկստանին ու Ղրղզստանին ռազմական օգնություն է ցուցաբերելու”