Հրապարակվել են Ադրբեջանի ԶՈւ կորուստների վերաբերյալ նոր տվյալներ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ադրբեջանական «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնը հերթական անգամ հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով ուժային կառույցներում տարվա կտրվածքով գրանցված կորուստների քանակը։

Ըստ կենտրոնի տվյալների՝ 2013-ի սկզբից մինչև օրս Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերում գրանցվել է 71 զոհ, 74 վիրավոր։ Նրանցից 9-ը զոհվել են ադրբեջանական կողմի վարկածով մարտական պայմաններում, իսկ 62-ը՝ ոչ մարտական։
Ընդ որում, նշված 71-ից 15-ը ինքնասպանություն են գործել, 12-ը մահացել են ավտովթարից, 10-ը՝ հիվանդությունից, 9-ը՝ դժբախտ պատահարների հետևանքով, 6-ը՝ ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով, 3-ը՝ ուղղաթիռի կործանման ժամանակ, 2-ը սպանվել է քաղաքացիական անձանց կողմից։
Զոհվածներից 55-ը ՊՆ-ի, 8-ը ՆԶ-ի, 4-ը՝ սահմանապահ ծառայության, 2-ը՝ ԱԻՆ-ի, 1-ը՝ հատուկ պետական պարեկային ծառայության, 1-ը՝ զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայության ծառայողներ են։
Վիրավորների ու վնասվածք ստացածների ցանկում 40-ը տուժել է ավտովթարից, 13-ը՝ ոչ կանոնադրային հարաբերություններից, 8-ը՝ ադրբեջանական կողմի վարկածով «հայկական գնդակից», 5-ը՝ ինքնասպանության փորձից, 3-ը՝ քաղաքացիական անձանց հետ վեճերում, 4-ը՝ դժբախտ պատահարից, 1-ը՝ ականի վրա պայթելուց։
Վիրավորներից 51-ը առնչվում են ՊՆ-ի, 18-ը՝ ՆԶ-ի, 5-ը՝ սահմանապահ պետական ծառայության հետ։
Հավելենք, որ հայկական կողմը՝ մասնավորապես ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը և ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Ռազմինֆոյի հետ զրույցում բազմիցս հերքել են Ադրբեջանի այն հայտարարությունները՝ իբր ադրբեջանական ԶՈւ-ն վիրավոր կամ զոհ է գրանցել հայկական կողմից «հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով»։
Հիշեցնենք, որ «Դոկտրինա» հետազոտությունների կենտրոնը գրեթե ամեն ամիս հանդես է գալիս Ադրբեջանի ուժային կառույցներում գրանցված կորուստների վերաբերյալ զեկուցումներով։ Ներկա դրությամբ այն թերևս միակ ադրբեջանական բաց և հասանելի, մասամբ վստահելի աղբյուրն է, որը զբաղվում է ԶՈւ-ում կորուստների ու վիրավորների տվյալների գրանցմամբ և հրապարակմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *