ՌԴ ՊՆ-ն չի թույլատրել նոր «Կալաշնիկով» ինքնաձիգին պետական փորձարկումներ անցնել

Դարակազմիկ «Կալաշնիկով» ինքնաձիգերը կարծես թե դուրս են մղվում Ռուսաստանի զինված ուժերի կիրառությունից։
Պաշտպանության նախարարությունը նոր «Իժմաշ-Կալաշնիկով» կամ ԱԿ-12 ինքնաձիգը թույլ չի տվել պետական փորձարկումների փուլի ուղարկել, տեղեկացնում են ռուսական «Իզվեստիա» պարբերականը՝ հղում կատարելով ՌԴ ցամաքային զորքերի տրամադրած տեղեկությանը։

Նշենք, որ «Իժմաշ-Կալաշնիկովը» ստեղծել էին նոր սերնդի «Ռատնիկ» ռազմական հանդերձավորման մշակման շրջանակներում։

Խնդիրն այն է, որ ԱԿ-12-ը տապալել է նախնական փորձարկումների փուլը։ Զինվորականների դուր չի եկել ինքնաձիգի դիպուկություն, դիմացկունությունը։

Դրա փոխարեն «Ռատնիկի» համար ընտրել են Դեգտյարյովի անվան գործարանի կողմից ստեղծված ինքնաձիգը, որն էլ առաջիկայում պետական փորձարկումներ է անցնելու։

Դեգտյարյովի անվան գործարանի գլխավոր կոնստրուկտոր Վլադիմիր Գրոմովը ռուսական «Իզվեստիա» թերթին մեկնաբանել է, որ նոր ինքնաձիգը ստեղծել են 1980-ականների ԱԵԿ-971 ինքնաձիգի հիմքի վրա։ Տարբերակիչ հատկանիշը ավտոմատ հավասարակշռված համակարգն է, երբ կրակելու ժամանակ հետհրումը փոխհատուցվում ու նվազեցվում է հատուկ սարքավորմամբ։

Գրոմովի խոսքերով՝ նախնական փորձարկումներն իրականացվել են 5 ուղղությամբ՝ 2 ինքնաձիգ, 2 գնդացիր ու  1դիպուկահար հրացան։ Նշված բոլոր 5 կարգերով նոր ինքնաձիգը ստացել է պետական փորձարկումներ անցնելու թույլտվություն։ Փորձարկումները թերևս կավարտվեն ընթացիկ տարվա վերջին։

ՌԴ ցամաքային զորքերի փորձարարական հանձնաժողովի անդամներից մեկը հավաստիացրել է, որ նոր ինքնաձիգը կրակի սպասված դիպուկությունն ու խտությունն է ցույց տվել։

Միաժամանակ վերջինս շեշտել է, որ «Կալաշնիկով» կոնցերն ունի շուրջ մեկ ամիս՝ ի հայտ եկած թերացումները շտկելու համար։ Եթե թերություններն ուղղվեն, ապա «Կալաշնիկովը» կմասնակցի պետական փորձարկումներին՝ չնայած որ ներկայացուցիչը դա քիչ հավանական է համարում։ «Մեր պահանջները հայտնի էին դեռ 2 տարի առաջ, սակայն նրանք չկարողացան այդ ժամանակահատվածում մեզ անհրաժեշտ զենքը ստեղծել։ Կասկածում եմ, որ մեկ ամսում կարող են»,-եզրափակել է նա։

«Կալաշնիկով» կոնցերնում էլ վկայել են, որ չեն պատրաստվում ընկրկել ու կշարունակեն պայքարը ՊՆ-ի պատվերի համար։

Հիշեցնենք, որ դեռևս հուլիսին Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն իր թվիթերյան էջում գրել է, որ «Ռատնիկ» անունը կրող նոր ռազմական հանդերձավորման տրամադրումը ՌԴ ԶՈւ-ին հետաձգվում է՝ հիմնականում ինքնաձիգի թերացումների պատճառով։

Ինչպես տեսնում ենք, «Ռատնիկի» տրամադրումը ռուսական զորքերին անընդհատ հետաձգվում է։ Դեռևս 2012-ի սեպտեմբերին, ՌԴ ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար Վլադիմիր Չիրկինը հայտարարել էր, որ ՊՆ-ն հաջող է համարում «Ռատնիկի» դաշտային փորձարկումները, այն ծանր չէ, կկիրառվի ամառային և ձմեռային տարբերակներով։ Նոր հանդերձավորումը փորձարկվել է նաև «Կովկաս-2012» զորավարժությունների ժամանակ։

Հավելենք, որ «Ռատնիկն» ընդգրկում է գուլպաների տարբեր տեսակներ, ներքնազգեստ, համազգեստ, անվտանգության ակնոց, լսողությունը պաշտպանող ականջակալ, ծնկային և արմունկային հոդերի պաշտպանություն, ջրի մաքրման ֆիլտրեր, էներգիայի և ջերմության ինքնակառավարվող աղբյուրներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *