Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն իր թվիթերյան էջում գրել է, որ «Ռատնիկ» անունը կրող նոր ռազմական հանդերձավորման տրամադրումը ՌԴ ԶՈւ-ին հետաձգվում է։
Ըստ Ռոգոզինի՝ հետաձգման պատճառը «Ռատնիկի» մաս կազմող հրազենի թերացումն է։ Նրա խոսքերով՝ հրազենի վերամշակման անհրաժեշտություն ծագեց, երբ Մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի փորձագետները գրանցեցին մի շարք բացթողումներ։
Հիշեցնենք, որ դեռևս այսօր առավոտյան «Իզվեստիա» պարբերականը, հղելով սեփական աղբյուրներին, հաղորդել էր՝ ՌԴ ՊՆ արդեն որոշում է կայացրել Ռատնիկ» նոր ռազմական հանդերձավորումը ԶՈւ-ի ստորաբաժանումներին տրամադրելու վերաբերյալ։
Վերջնական պետական փորձարկումները պետք է որ անցկացվեն ընթացիկ տարվա օգոստոսին։ Հայտնի է նաև, որ բարեհաջող փորձարկումներից հետո առաջինը հանդերձավորումը կստանան Արևմտյան ռազմական օկրուգի և ռազմադեսանտային զորամիավորումների ծառայողները։
Համաձայն նախնական տեղեկությունների՝ 2014-ից կմեկնարկի ռուսական բանակին «Ռատնիկ» անունը կրող նոր ռազմական հանդերձավորուման զանգվածային մատակարարման գործընթացը։
Այսպիսով, ինչպես տեսնում ենք, «Ռատնիկի» տրամադրումը ռուսական զորքերին անընդհատ հետաձգվում է։ Դեռևս 2012-ի սեպտեմբերին, ՌԴ ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար Վլադիմիր Չիրկինը հայտարարել էր, որ ՊՆ-ն հաջող է համարում «Ռատնիկի» դաշտային փորձարկումները, այն ծանր չէ, կկիրառվի ամառային և ձմեռային տարբերակներով։ Նոր հանդերձավորումը փորձարկվել է նաև «Կովկաս-2012» զորավարժությունների ժամանակ։
Հավելենք, որ «Ռատնիկ»-ն ընդգրկում է գուլպաների տարբեր տեսակներ, ներքնազգեստ, համազգեստ, անվտանգության ակնոց, լսողությունը պաշտպանող ականջակալ, ծնկային և արմունկային հոդերի պաշտպանություն, ջրի մաքրման ֆիլտրեր, էներգիայի և ջերմության ինքնակառավարվող աղբյուրներ։ Սպառազինման մեջ կարող են ներառվել AK-12 ինձնաձիգը կամ էլ «Կալաշնիկով»-ի մոդեռնիզացված տարբերակներից մեկը։