PKK-ի գրոհի ժամանակ 7 զինծառայող կորցրած թուրքական հենակետը փակվել է

Թուրքիայում փակել են ժանդարմերիայի այն հենակետը, որտեղ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) գրոհի ժամանակ 7 զինծառայող էր սպանվել։

«Սազաք» հենակետը գտնվում էր Թոքաթ նահանգի Ռեշադիյե շրջանում։ Բացի այս հենակետը, Ռեշադիյեում և մոտ շրջաններում ևս 13 ժանդարմերիայի հենակետ է փակվել կամ տեղափոխվել։

Շրջանում հենակետերի փակումն ու տեղափոխությունը կապված է PKK-ի դուրսբերման հետ, որը մայիսի 8-ին հրադադար հայտարարելուց հետո սկսել է լքել Թուրքիայի տարածքը։

file

Նշենք, որ 2009 թվականին PKK-ի կազմակերպած գրոհի ժամանակ «Սազաք» հենակետում թուրքական զինված ուժերի 7 զինծառայող էր սպանվել։ Այս հենակետի վրա քրդական ուժերի կողմից այլ հարձակումներ նույնպես եղել են։

«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը:

Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ) Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։:

Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ սկսել է  1984 թվականին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ:

Շուրջ 30 տարի զինված պայքարից հետո 2013 թվականի մարտին Դիարբեքիրում ընթերցվեց կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա կոչ էր անում PKK-ին վայր դնել զենքը, լքել Թուրքիայի տարածքը և անցնել քաղաքական պայքարի։

Մայիսի 8-ից պաշտոնապես սկսվեց PKK-ի դուրսբերումը Թուրքիայի տարածքից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *